Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Հոդված 47 –ում գրված է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը: Յուրաքանչյուր երկրում մարդը համարվում է բարձրագույն արժեք, բայց այս ամենը չեն գիտակցում «Շանթ» հեռուստաընկերության «X-Faktor» նախագծի «լեգենդար» ժյուրիի անդամները: Ո՞վ է նրանց տվել իրավունք մարդու, անձի հետ վարվել կամայական ձևով, վիրավորել նրա արժանապատվությունը, ծաղրել և մի բան էլ պահանջել, որ մասնակիցները հարգալից լինեն ժյուրիի անդամների նկատմամբ: Հարգելի Գիսանե, ո՞վ է Ձեզ ասել կամ ներշնչել, որ Ձեր կողքին նստած Ավետը հանճար է: Գուցե՞ նա իր շրջապատում է նման կարծիք ձևավորել, բայց հանճարը իրեն այդքան մեծամիտ ու գռեհիկ չի պահի մարդկանց նկատմամբ, բարձրաձայն չի ասի, որ իր հետ դեռևս ոչ ոք նման տոնով ու ձևով խոսելու համարձակություն չի ունեցել: Այս նախագծում բազմիցս խախտվում են մարդու իրավունքները, ո՞վ է Ավետիկին տվել իրավունք, որ բարձրաձայն արտահայտվի, թե մասնակիցը ձանձրացնում է իրեն, կամ բարկանա ընկերների վրա այն բանի համար, որ երկարացնում են մասնակցի կատարման վերաբերյալ քննարկումները: Ովքե՞ր են այդ ինքնակոչ մարդիկ, որ նստել են ժյուրիի համար նախատեսված աթոռներին և իրենց իրավունք են վերապահում ծաղրական արտահայտություններ անել մասնակիցների հասցեին, արդյոք իրենք ունե՞ն այդքան պրոֆեսիոնալիզմ, և ո՞վ է ասել, որ իրենք ավելի լավն են, քան բեմում կանգնած մարդը, ում ամեն դեպքում պետք է հարգել: Իսկ եթե այդ մասնակիցները պատիվ պահանջեն, արդյոք նրանք կամ հեռուստատեսությունը կկարողանա՞ն պատասխանել: Այս մասնակիցները ինչ-որ առումով անկեղծ են, որովհետև իրենք ցանկանում են երգել, բայց անկիրթ ժյուրիի անդամները օգտվում են նրանց անկեղծությունից և անպաշտպանությունից և համայն հայության ծաղրանքի առարկա դարձնում նրանց: Նույնիսկ հոգեբուժարանում գտնվող հիվանդներին պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերել, իսկ այս նախագիծը ամենահետամնաց հոգեբուժարանի կարգավիճակում է հիմա գտնվում: Լավ, «Շանթ»-ում մի՞թե չկան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր կկարողանան կանխել այս հակամարդկային խայտառակությունները: Այս ամենը հակաեթերային է, եթերային էթիկայի և կուլտուրայի կոպիտ խախտում: «Մեծն» Ավետիկը միայն մի լավ բան ասաց, որ ժյուրիի անդամները գզվրտվում են և իրեն ակամայից համեմատեց չորքոտանի կենդանու հետ, իսկ այդ կենդանին ի՞նչ գործ ունի ժյուրիի աթոռին նստած, դեռևս անհասկանալի է: Հորդոր «Շանթ» հեռուստաընկերությանը. հաշվի առեք բազմահազարանոց լսարանի բողոքները և դադարեցրեք մարդկային արժանապատվությունը ոտնահարելու և Սահմանադրությունը խախտելու միջոցով վարկանիշ ապահովելու քաղաքականությունը և Ավետի նմաններին հեռացրեք հեռուստաընկերության եթերից կամ էլ կարգի հրավիրեք: