Այսօր աչքովս մի կարծիք ընկավ, որի իմաստը հետևյալում էր. քսան տարի է՝ մաքառում ենք ժողովրդավարության համար, բայց գնալով էլ ավելի ենք հանգում միակուսակցական համակարգին... ՀՀԿ-ն ձեռնամուխ է եղել էլ ավելի ամրապնդել քաղաքական դաշտի իր մենաշնորհը և այժմ ոտնձգություններ է անում ԱԺ-ում իրեն ոչ ենթակա համարվող Էթիկայի հանձնաժողովի նկատմամբ։
Օրենքի նախագիծ է մտցվել ԱԺ, որով առաջարկվում է եղած օրենքը փոխարինել և կուսակցությունները ներկայացված լինեն ըստ համամասնության։ Պարզաբանեմ, սա նշանակում է, որ եթե օրենքն այնուամենայնիվ ընդունվի, ապա էթիկայի հանձնաժողովն էլ կդառնա ՀՀԿ-ական մանկլավիկ ու կամակատար, որովհետև 50+ տոկոսով ներկայացված կլինի հենց ՀՀԿ-ն, իսկ հանձնաժողովներում որոշումներն ընդունվում են պարզ մեծամասնությամբ։
Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն իրականում հսկա է՝ կավե ոտքերի վրա, ինչպես Հիտլերն էր ժամանակին բնորոշել ԽՍՀՄ-ը, բայց ի տարբերություն վերջինիս՝ ՀՀԿ-ի դեպքում սա արդար համեմատություն է, որովհետև եթե դու վախենում ես անգամ մեկ ոչ լոյալ ու փոքրիկ ուժ ունենալուց քաղաքական դաշտում, ապա էլ ո՞ւմ են պետք ՀՀԿ-ի կուսակիցների թիվը և դրա ներկայացվածությունը Խորհրդարանում։
Ամոթ է, պարոնայք, դուք այսպես ձեր իսկ գերեզմանն եք փորում, որովհետև գրավելով ողջ քաղաքական տեսադաշտը՝ դուք կբախվեք մեկ այլ խնդրի. այդ տեսադաշտում հայտնվող ձեր ֆիգուրների մեծ մասը բացի ժողովրդական ցասումից ու զզրանքից այլ խնդիր չեն առաջացնի, իսկ նման ռեպրեսիվ քայլերով ու ակնհայտ զոռբայությամբ դուք է´լ ավելի եք սրում բացասական վերաբերմունքը ձեր հանդեպ։
Կից նյութն`այստեղ