Tert.am-ը գրում է.

Ռուսական և սիրիական հատուկ նշանակության ջոկատն ավարտել է երեքշաբթի օրը Սիրիայում կործանված ՌԴ ռազմաօդային ուժերի Սու-24 ռմբակոծիչի 2-րդ օդաչուի փրկության գծով գործողությունը։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է ռազմական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

«Գործողությունը հաջող է ավարտվել: Օդաչուն տեղափոխվել է մեր բազա: Ողջ և առողջ»,- ասել է նախարարը Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նախարարը նշել է, որ գործողությունը շարունակվել է 12 ժամ և շնորհակալություն է հայտնել «մեր բոլոր տղաներին, որոնք հսկայական վտանգով աշխատել են ողջ գիշեր»։ «Մոսկվայի ժամանակով ժամը 03:40-ին նրանք ավարտել են այդ աշխատանքը»,- նշել է Շոյգուն։

«Ես զեկուցել եմ գործողության հաջող ավարտի մասին գլխավոր գերագույն հրամանատարին (նախագահ Վլադիմիր Պուտինին): Նա խնդրել է շնորհակալության խոսքեր հայտնել ողջ անձնակազմին, որը մասնակցել է այդ գործողությանը»,- ասել է Շոյգուն։

Հիշեցնենք, որ երեկ ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել