Սահմանադրական փոփոխություններին վերաբերյալ այս ողջ ժամանակահատվածում (անգամ քարոզարշավի ընթացքում) ընդամենը մեկ-երկու անգամ եմ իմ կարծիքը հայտնել ու որոշել էի չանդրադառնալ: Բայց կարծես հնարավոր չէ: Ես՝ ինքս, կողմ եմ Սահմանդրության փոփոխությանը: Այո, այս նոր Սահմանդրությունը և այնտեղ նշված կառավարման մոդելն ունի հստակ առավելություններ, սակայն... Ցավալի է, որ այս ամենը նորից քաղաքականացվեց, և իրապես հնարավոր էլ չէր չքաղաքականացնել: Նոր Սահմանդրությանը կողմ է մի ուժ, որի բազում անդամներ, թե՛ ԱԺ-ում, թե՛ Կառավարությունում, բազմիցս ապացուցել են իրենց գործունեությամբ, որ չեն կարող հետևել անգամ այս ՝ գործող Սահմանդրության դրույթներին: Այս դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք այս նոր Սահմանդրության դրույթները ևս կպահպանվեն: Ու այստեղ ես սկսում եմ մտածել. պետք է երևի «Ոչ» ասել:
Հիմա անցնենք բուն հանրաքվեի կազմակերպմանն ու անցկացմանը: Գործող իշխանությունն սկսել է վարչական ռեսուրսների կիրառումը, նախապես քվեների հաշվարկն ու այդ ամենը գործում է ողջ ուժով: Ընդամենը մեկ օրինակ, գրեթե բոլոր դպրոցներում ծնողկոմիտեների անմիջական և ակտիվ գործունեությամբ կոչ է արվում քվեարկել «Այո»: Նրանք կազմում են իրենց ցուցակները, զանգահարում ծնողներին և իբրև թե ճշտում. «Այո» եք ասելու, չէ՞, իսկ եթե հանկարծ ոչ է լսվում, սկսվում է հաջորդ փուլը: Բա էս մարդը դպրոցին էս ա նվիրել, էս վերանորոգումն ա արել, բարեգործություն ա արել... ու էսպես շարունակ: Էլ չասեմ ընտրակաշառքների մասին, որոնց մեխանիզմները համենայնդեպս հասարակության համար շատ պարզ են: Մի քանի թաղային հեղինակություններ, հսկայական գումարներ են ստանում, մի մասը բաժանում, մի մասն էլ իրենց գրպանը դնում՝ ցուցակագրելով իրենց հարևան-բարեկամներին ու էսպես շարունակ: Ավելացնեմ, որ նման մարդիկ ընտրություններից ընտրություն մի լավ գումար են վաստակում: Դե ինչ ասես, նրանց աշխատանքն էլ էդ ժամանակ է սկսվում: Էստեղ կասեք՝ նորից ո՞վ է մեղավոր, իշխանությունը... Չէ՜, ժողովուրդ ջան մեղավորներ փնտրեք մեր շարքերում, նրանց, ովքեր պատրաստ են վաճառել իրենց քվեն ու մի հատ էլ օ՜ֆ չասել: Սա խոսում է նրա մասին, որ քաղաքացիական գիտակցությունը և պետության հանդեպ պատասխանատվությունը մեր հասարակությունում բավական ցածր է: Վերջերս իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող պատգամավորներից մեկը հայտարարել էր՝ թե բա լավ չի՞, մարդիկ գոնե մի քիչ փող կվերցնեն: Սա է խայտառակությունը, այն որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են փողով վաճառել իրենց, կներեք, իրենց ձայնը: Այ սա սարսափելի է: Բայց անգամ այս դեպքում կա լուծում: Յուրաքանչյուրս քվեախցում մենակ ենք: Միայն մենք ու մեր խիղճը: Քվեարկեք խղճի թելադրանքով: Անգամ ամենակազմակերպված կառուսելի դեպքում վատագույն դեպքում կարող եք խոտանել քվեարթերթիկը: Ու երբ էդ փող տվողները հասկանան, որ այլևս նման տեխնոլոգիան չի գործում, այլևս չեն տա, որոշ մարդիկ չեն հարստանա, իսկ քաղաքացիները կգիտակցեն, որ իրենց մեկ ձայնն անգամ կարող է որոշիչ լինել: Չէ՞ որ 5-10 հազար դրամով երկար չես ապրի: Ընտրական տեղամասերում հանձնաժողովների անդմաներն ավելի պատասխանատու կլինեն ու այս շրջանը կավարտվի նրանով, որ յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի պետության հանդեպ իր ունեցած պատասխանտվությունը: Չեն լինի կաշառված ընդդիմադիր խաղացողներ, կեղծելու պատրաստ իշխանավորներ ու յուրաքանչյուրիս շահը կդառանա առավել բարեկեցիկ պետության մեջ ապրելու ակնկալիքը:
Մյուս տեսանկյունից, եթե այս հանրաքվեն նորից կեղծվի, ապա տուժելու են այն քաղաքական ուժերը, ովքեր այսօր «Այո» են ասում: Մասնավորապես ՀՅԴ-ը: Այս կուսակցությանը ես վստահում եմ, սակայն ինչպես կարող եմ հետո վստահել, երբ նա էլ է ակամա դառնալու կեղծիքի մի մաս: Թող ինձ ներեն իմ ՀՀԿ-ան բոլոր ընկերնեն ու ծանոթները, բայց ՀՀԿ-ն ապացուցել է, թե որքան վարպետ է կեղծումենրի հարցում, բայց գոնե այս դեպքում ապացուցեք ինքներդ ձեզ, որ ունակ եք անցկացնել ազատ, արդար հանրաքվե:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208410778771113
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել