Անհանգիստ ժամանակներ էին բովանդակ Հելլադայում. Շուտով պետք է կայանային միջին աստվածների ընտրությունները։ Աստվածներից շատերը սարսափում էին այն փաստի գիտակցումից, որ կիսաստված հերոսները կարող են փոխարինել իրենց։ Կիսաստվածներն էլ նորանոր սխրանքներ էին գործում՝ էլ ավելի ամրապնդելու իրենց հեղինակությունը թե´ գերագույն աստվածների, և թե´ սովորական մահկանացուների շրջանում:
Մի սոփեստ էր ապրում Հելլադայում՝ Պերսևս Ղազարյան անունով, ով քաղաքի ագորաներից մեկում վարում էր փիլիսոփայական բանավեճեր այլ սոփեստների, կիսաստվածների և աստվածների հետ՝ բացահայտելու իրադարձությունների ու հերոսների մութ ուրվագծերը։ Սուր էր Պերսևսի լեզուն ինչպես աքիլլեսյան սուրը ու հաճախ ցավոտ պարտությունների էր մատնում իր ընդդիմախոսներին: Բայց ժողովուրդը նկատել էր, որ նրա սուր լեզուն հանկարծակի բթանում էր, երբ ընդդիմախոսը լինում էր Բարգավաճ Հելլադայի Կորյուններ (այսուհետ՝ ԲՀԿ) սպորտսմենների միավորումից ինչ-որ մեկը: Իսկ, երբ Պերսևսին բախտ էր վիճակվում առերեսվել աստվածային էլիտայի անդամ Հեփեստոս Ծառուկյանի հետ, նրա մոտ վախից, թե հիացմունքից լոզեր էին սկսվում կաթալ։ Սա էր պատճառը, որ Պերսևսին ժողովուրդը Պերսևս Լպրծուն մականունով էր օժտել:
Գարնանային մի օր Պերսևսը մարգագետնին նստած զբավում էր իր սիրած գործով՝ շաուրմա էր ուտում, և թվում էր, թե ոչինչ էլ չէր կարող ընդհատել նրան, եթե հանկարծ Աբովյանոպոլիս քաղաք-պետության կողմից երկու աժդահա առյուծ չուրվագծվեին: Առյուծները մոտենում էին և նրանց կատարած ամեն քայլի հետ Պերսևսի՝ ողջ մնալու մասին մտքերը ավելի էին հոդս ցնդում: Եվ ծնկի եկավ Պերսևսը ու աղոթք արեց առ Հեփեստոս Ծառուկյան ու կյանք խնդրեց նրանից: Ծառուկյանը չէր կարող ականջալուր չլիներ իր հավատարիմ ծառայի աղաչանքներին և նրան կյանք շնորհեց` կանչելով իր գիրկը:
-Օ մեծն Հեփեստոս, ես մի որդ եմ քո վսեմության առջև,-խոսեց Պերսևսը,- ասա ինձ, ինչպե՞ս կարող եմ երախապարտ լինել քեզ։
-Ոտքի՛ ել Պերսևս, ես գնահատում եմ քո հավատարմությունը ու այժմ ուզում եմ ըստ արժանվույնի հատուցել քեզ։
-Օ մեծն աստված, քեզ հավերժ քծնելը արդեն երջանկություններից մեծագույնն է ինձ համար:
-Մի՛ շտապիր շնորհակալություն հայտնել, Պերսև՛ս, դու դեռ պետք է վաստակես այդ պատիվը: Միջին աստված դառնալու համար մանդատ է հարկավոր: Իսկ դա միայն սխրանք գործելով կարող ես վաստակել։ Պետք է թռչես հեռավոր Օրինաց կղզի ու կռիվ տաս սահմռկեցուցիչ Մեդուզա Գարգոնա Բիշարյանի հետ։ Բիշարյանը սովորական դև չէ, նրա գլխին մազերի փոխարեն Արթուր Բաղդասարայններ են աճում, իսկ ով նայում է Մեդուզայի աչքերին միանգամից դառնում է Օլիգոֆրեն Եմիշների Կլուբի (այսուհետ ՕԵԿ) հերթական դավաճան անդամ։ Ահա քեզ թևավոր սանդալներ: հագիր և ճախրիր ծովերի վրայով։
Պերսևսը հագավ սանդալները ու փորձեց թռչել։ Սանդալները կատաղի թափահարում էին թևերը, բայց այդպես էլ չկարողացան Պերսևս Լպրծունին պոկել գետնից, քանի որ նա շատ ծանր էր։
-Չի ստացվում օ ամենազոր, չեմ կարողանա թռչել։
Վերցրեց Հեփեստոսը իր նորաթուխ կորյունին գիրկը ու ճախրեցին դեպի Օլիմպոս։ Մի քանի շաբաթ Պերսևսը ինտենսիվ պարապում էր ու վերաջապես, երբ այլևս նման չէ կալաբոկին, նա որոշեց գնալ իր առքելությունը կատարելու։ Սակայն, մինչ բուն գործին անցնելը նա որոշեց լրիվ անպարտելի դառնալու համար հետևել Գանդուռասի արքա Էպիլյատոր Կարապետիչի խորհրդին ու խմել Օլիմպոսի ստորոտին հոսող Զանգու գետի ջրից։ Հին դյութազունները հավատում էին, որ ով խմի Զանգվի ջրից, կակալ տղա կդառնա, նրան կպատի անպարտելի ուժ, իսկ մարմինը կդառնա անխոցելի և միայն հետույքը խոցելի կլինի։
Պերսևսը մի կուշտ խմեց Զանգվի ջրից ու միանգամից զգաց, թե ինչպես է կակալանում ինքը, ինչպես են կակալանում նրա մարմնի բոլոր բջիջները ու մկանները լցվում են ուժով:
Ու ճախրեց Պերսևսը ծովերի վրայով ու հասավ Հեփեստոսի մատնանշած կղզին, ուր ամենուրեք դդմի մուրաբայի բանկաներ էին գցած, ժայռերի վրա գրված էր ԱԽՔ, իսկ կղզու մեջտեղը խոյանում էր դավաճանության աստված Արթուր Պնակալիզոս Բաղդասարյանի սատիրակերպ արձանը։ Հենց այս արձանի կողքին ննջում էր ահասարսուռ Մեդուզա Գարգոնան, որն իր մանդատը միշտ վզից կախված էր պահում։
Զգուշորեն մոտեցավ Պերսևսը Բիշարյանին, որ հենց քնած ժամանակ սրի մի զարկով գլխատի այդ գարշելի հրեշին, բայց Պերսեվսն այնքան լարված էր, որ վերջին պահին չդիմացավ ու գազեր բաց թողեց։ Ու այդ ձայն այնքան ուժեղ էր, որ ամպրոպ էր հիշացնում: Մեդուզան արթնացավ ու նկատելով Պերսևսին՝ առավ նրան իր բազուկների մեջ և փորձեց ճզմել: Բայց լպրծուն էր Պերսևսը. Նա հեշտությամբ պլստաց Մեդուզայի գրկից, ասես օճառված լիներ ու կռացավ, որ վերցնի իր սուրը: Այդ պահին Մեդուզան վերցրեց նիզակը և մխրճեց Պերսևսի միակ խոցելի տեղը:Ճչաց Պերսևսն ու կորցնելով գիտակցությունը՝ ընկավ բերանքսիվայր։ Հաղթանակած Մեդուզա Բիշարյանը սողաց դեպի խոցված հերոսը, որպեսզի վերջնականապես լուծի նրա հարցերը։ Մի պահ նայեց ընկած հերոսի բաց մեջքի վրա, որը սաստիկ քրտնելու ու լպրծունության պատճառով հայելային մակերեսի էր վերածվել։ Տեսավ իր արտացոլանքը ու կատարվեց անհավանականը, նա զարհուրեց իր իսկ տեսքից և տեղում շունչը փչեց:
Ժամեր անց Պերսևսը ուշքի եկավ, հանեց նիզակը իր հետույքից, նայեց սատկած Մեդուզային ու զգաց, թե ինչ օգտակար բան է լպրծուն լինելը։ Նա սուսուփուս գլխատեց գարշահոտ հրեշին ու վերցնելով մանդատը, սավառնեց դեպի Հելլադայի Օլիմպիական Կոմիտե՝ առյուծակերպ Հեփեստոս Ծառուկյանի մոտ։
Այսպես ավարտվեց Պերսևս Լպրծունի այս հերոսությունը, բայց նրան դեռ շատ կռիվներ էին սպասում Հայաստանյաց հերոսների կուտոկի (ՀՀԿ) դեմ: