Իսլամական Պետություն կոչված ռազմա-քաղաքական նախագիծն ի սկզբանե գործի էր գցված որպես միջնաժամկետ՝ 10-15 տարվա կիրառման համար նախատեսված գործիք: Այդ ֆանտոմ պետությունն արտաքին ֆինանսական աջակցությամբ ու մեծապես դրսից ներմուծված մարդկային ռեսուրսների ներգրավմամբ արհեստականորեն ստեղծված գոյացություն է, որը ցանկացած պահի կարող է ակնթարթորեն չքվել իր այսօրվա զբաղեցրած տարածքներից՝ մեկ այլ վայրում նոր ուժով և, արդեն իսկ կուտակած փորձառությամբ հզորացած, վերստեղծվելու համար: Ըստ էության այդ նախագիծն արդեն իր հիմնական գործն արել է՝ խախտված է Իրաքի և Սիրիայի միջև նախկինում եղած սահմանը և այդ երկու պետությունների տարածքում ստեղծվել է երրորդ մեկը, որն առայժմ ճանաչված չէ, որն իրեն ողջ աշխարհի թշնամին է հռչակել ու որի դեմ զինված պայքարի են ելել երկրագնդի հզորագույն տերություններն իրենց դաշնակիցների հետ միասին: Չի բացառվում, որ, շատ չանցած, ԻՊ վերնախավում առաջացած «հակասությունների» արդյունքում կստեղծվի մի իրավիճակ, որի հետևանքով դրա մասը կազմող եկվորները կհեռանան ու, մինչև նոր նախագծի շրջանակներում հանձնարարություն ստանալը, կհանգրվանեն Թուրքիայում, իսկ տեղում մնացած սուննի բնիկները կատարվածը կներկայացնեն որպես իրենց կողմից նախաձեռնված ազգային-ազատագրական պայքարի հաղթանակ ու «կինքնորոշվեն» իրենց վերահսկողության տակ մնացած տարածքներում՝ հռչակելով մի նոր ինքնիշխան պետության ստեղծումը` նոր անվամբ: Սակայն այստեղ կարևորը ոչ այնքան ԻՊ նախկին տարածքի հետագա ճակատագրի հարցն է լինելու, որքան այն, որ նոր փուլում ծայրահեղականների գործողությունները կարող են ուղղված լինել իրենց պարտությանը նպաստած պետությունների՝ հատկապես Ռուսաստանի և Իրանի պետական կայունության դեմ աշխատող ներքին գործոնների հզորացմանը և այս դեպքում իսլամիստական ծայրահեղականության կողմնակիցներից բացի նրանց աջակցությունը կստանան նաև ազգայնական-անջատողական բոլոր շարժումներն, անկախ դրանց կրոնական կողմնորոշումից: Սա որակապես նոր մարտահրավեր է լինելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/686720174797010
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել