Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Ինչպես տեղեկացրեց հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, կատարվող փոփոխությամբ առաջարկվում է քրեական գործ սահմանել այն դեպքում, երբ գրավադրված գույքը դիտավորությամբ փչացրել են:
Այս առնչությամբ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցած ելույթում անընդունելի որակեց օրինագիծը՝ նշելով, որ չի կարելի քաղաքացիաիրավական հարցերը տեղափոխել քրեական դաշտ:
«Եթե հարցին այդ տեսանկյունից վերաբերվենք, ուրեմն կարմիր գծերի խախտումն էլ պետք է տանենք քրեական դաշտ, որովհետև եթե մեկին դատենք, մնացածը կսպասեն մինչև լավ կանաչի, նոր անցնեն»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ առաջարկվող լուծումը խայտառակ լուծում է: Առանց այդ էլ, պատգամավորի խոսքով, քաղաքացիներն իրավական համակարգի կողմից պաշտպանված չեն, դատարանները անկաշառ չեն:
«Իսկ սրանով լծակ ենք տալիս իրավապահ մարմինների ձեռքը»,- նկատեց Գ. Ջհանգիրյանը՝ ասելով, որ պետք է կարգավորել քաղաքացիաիրավական կարգը, ոչ թե «քրեական մուրճը բերել, որ զարգացնեք քաղաքացիաիրավական հարցը»:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ համաձայնեց, որ նախագծում և ոլորտում, առհասարակ, փոփոխությունների անհրաժեշտության կարիք կա:
Սահակյանը նշեց, որ պետք չէ քաղաքացիաիրավական հարթության մեջ գտնվող խնդիրը բերել քրեական դաշտ:
«Ես այստեղ տեսնում եմ լրջագույն խնդիր: Կարծում եմ` սա ևս մեկ անգամ պետք է լրջագույնս քննարկել»,- ասաց Սահակյանը:
Ապա ՀՀԿ-ական պատգամավորը Ներսես Երիցյանից հետաքրքրվեց՝ չի կարծո՞ւմ, որ օրենքը քրեականացնելը հակասահմանադրական է:
Ի պատասխան Ներսես Երիցյանը նշեց, թե նախագիծը վերաբերում է ոչ թե հարկային պարտավորությունները չկատարելուն, այլ քրեական գործ է սահմանվում այն դեպքում, երբ գրավ դրված գույքը դիտավորությամբ փչացրել են, երբ գրավ դրված գույքը վերցնելու պահին էականապես վնասված է, այսինքն` վնասված գույքը չի իրացվում բանկի կողմից, դա էլ լուրջ խնդիր է դառնում բանկի համար:
«Դժվար որոշում է եղել հենց ֆինանսական համակարգի տեսակետից, բայց աշխարհում կիրառվում է նման պրակտիկա»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխությունը չի հակասում Սահմանադրությանը:
Հովհաննես Սահակյանն արձագանքեց` ասելով, որ առաջարկվող նախագիծը հակասահմանադրական է:
«Այստեղ քաղաքացիաիրավական հարաբերություններ են, և հենց այդ հարթության մեջ էլ պետք է լուծվի այդ հարցը: Այնպես որ, քրեականացման հետ կապված տեսնում եմ լրջագույն խնդիրներ»,- ասաց պատգամավորը:



