Իրավիճակը Բելգիայի մայրաքաղաքում կտրուկ լարվել է: Քիչ առաջ ոստիկանությունը և բանակը սկսել են հատուկ գործողությունը Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում: Ինչպես հաղորդում է RTBF հեռուստաընկերությունը՝ այս պահի դրությամբ փակ է Բրյուսելի կենտրոնական՝ Գրան Պլաս հրապարակը և նրա շրջակա փողոցները: Իսկ RTL հեռուստաընկերությունն էլ հաղորդել է, որ զինվորականները, հատուկ ջոկատայինները և ոստիկանները շրջապատել են Գրան Պլասից 300 մետր հեռավորության վրա գտնվող Radisson Blue հյուրանոցը: Ոստիկանները բարձրախոսներից հորդորում են այդ տարածքում բնակվողներին դուրս չգալ տներից և չմոտենալ պատուհաններին:
Ուրբաթ օրվանից կյանքը Բրյուսելում կաթվածահար վիճակում է: Մարդիկ գերադասում են առանց սուր անհրաժեշտության տներից դուրս չգալ:
Այսօր Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել էր, որ ևս մեկ օրով կերկարաձգվի ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր՝ չորրորդ աստիճանը, և երկուշաբթի ևս բոլոր դպրոցները, համալսարանները և մետրոպոլիտենը կմնան փակ: Երկրի իշխանությունները համոզված են, որ ահաբեկիչները կփորձեն կազմակերպել հարձակումներ Բրյուսելում՝ Փարիզի օրինակով:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ այս տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում կազմակերպված ահաբեկչությունների կազմակերպիչը Բրյուսելի Մոլենբեկ թաղամասի բնակիչ Աբդելհամիդ Աբաուդն էր: Փարիզյան ահաբեկչության զոհերի թիվն այս պահի դրությամբ 129 է:



