Անկարայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կորլովը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն (ԱԳՆ):

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնող Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը տեղեկացրել է հետևյալը.
«Արտգործնախարարությունում Կորլովին զգուշացվել է, որ ռուսական օդուժի գործողություններն ուղղված չեն ահաբեկիչների դեմ, այլ ռմբակոծում են Լաթաքիայի Թուրքմենդաղ շրջանի թուրքմեն խաղաղ բնակիչների գյուղերը: Դա կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել, ուստի անհրաժեշտ է, որ Ռուսաստանը րոպե առաջ դադարեցնի իր այդ օպերացիան»:
Թուրքական կողմը պնդում է, որ ռուսական կործանիչների ավիահարվածներից տուժվում են հատկապես Սիրիայի հյուսիս-արևմտյան գոտում գտնվող Թուրքիային սահմանակից թուրքմենական Բայըրբուջաք շրջանի գյուղերը: Մինչդեռ ռուս-սիրիական կողմը հավաստիացնում է, որ իրենց հարվածների թիրախում ոչ թե Լաթաքիայի թուրքմեններն են, այլ Ալ քաիդային առնչակից ահաբեկչական ուժերը:



