Tert.am-ը գրում է․
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը չի կարծում, որ ահաբեկչության դեմ պայքարում աշխարհը կմիավորվի, առավել ևս հաշվի նստելով Ռուսաստանի հետ:
«Աշխարհը երբեք չի կարող հաշվի նստել տնտեսապես թույլ, ժողովրդավարապես գոյություն չունեցող միավորի հետ: ՌԴ-ի բոլոր ճիգերը՝ հաշտվել միջազգային հանրության հետ՝ օգտագործելով ներկայիս ահաբեկչական ակտերը՝ դատապարտված են ընդհանրապես ձախողման»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Անուշ Սեդրակյանի խոսքով՝ ռուսական, ֆրանսիական և ընդհանրապես ՆԱՏՕ-ի օդուժը նույնիսկ համաձայնեցված չեն գործում Սիրիայում: «Ռուսաստանի բոլոր ջանքերը՝ ստեղծելու համաձայնության քաղաքականություն Արևմուտքի հետ ի դերևս են լինում մի պարզ պատճառով, Արևմուտքը չի համագործակցելու այն երկրների հետ, որը զավթել է Ուկրաինան»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ Սեդրակյանի, Ռուսաստանն ահաբեկչական գործընթացները դիտում է որպես Ասադի իշխանության վերականգնում: «Դա բազմիցս բարձրաձայնել է իր քաղաքական ելույթներում, մինչդեռ Արևմուտքը կտրականապես դեմ է թե՛ Ասադին, և թե՛ ԻՊ-ին»,-ասաց նա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը նշեց, թե Ռուսաստանի քայլերի հետևանքով Սիրիայում՝ ՌԴ ինքնաթիռը ահաբեկչական հարձակման ենթարկվեց, որի հետևանքով ավելի շատ մարդ զոհվեց, քան Ֆրանսիայի ահաբեկչությունից, բայց այդքանով հանդերձ որևէ մեկը չի խոսում Ռուսաստանի սխալ քաղաքականության մասին:
«Որովհետև ի տարբերություն միջազգային հանրության՝ Ռուսաստանի քաղաքականությունը տրանսպարենտ չէ, թափանցիկ չէ և դրա համար միջազգային հանրությունը կարող է խոսել Ռուսաստանի սխալների մասին, բայց ՌԴ-ում և ռուսաստանամերձ տարածքներում, ինչպիսին է Հայաստանը, որը ռուսական պրոպագանդայի ազդեցության տակ ընկած քաղաքական միավոր, նման հարցերը չեն գործում»,-ասաց նա:
Իսկ թե այդ դեպքում ինչպես է պատկերացնում ԻՊ-ի դեմ պայքարը, քաղաքական գործիչը պատասխանեց, թե ժամանակավոր կառավարության, քաղաքակիրթ և սիրիական առողջ ուժերի մասնակցությամբ հաղթահարելով այդ քաղաքական ճգնաժամը:
Անուշ Սեդրակյանը հղում է անում իր կողմից չսիրված ԱՄՆ Հանրապետական Ջոն Մաքքեյնին, ով հայտարարել էր, թե թող չմոռանան, որ Ամերիկան ունի քրիստոնյանների ամենամեծ զինված բանակը: «Սա ինձ համար հնչում է շատ ծայրահեղական և էքստրեմիստական, բայց, այնուամենայնիվ, երբ մենք խոսում ենք պաշտպանական հնարավորությունների տնտեսական հնարավորությունների մասին, եկեք չմոռանանք, որ բոլոր հնարավորություններն Արևմուտքի ձեռքին են»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր տարբերակ համարո՞ւմ է համաշխարհային պայքարում ներգրավվի նաև Հայաստանը, մանավանդ որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների ժամանակ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել, Անուշ Սեդրակյանը հակադարձեց, թե ինքը հասկանում է ԼՂՀ նախագահի բարի մտադրությունները, ով ցանկանում է, որպեսզի օդանավակայանը գործի:
«Բայց եթե այն գործում է Ասադին կողմ պայքարի մեջ, ապա Հայաստանը դառնում է էլ ավելի խոցելի թիրախ՝ հաշվի առնենք Ղրիմի քվեարկությունը, հաշվի առնենք Ուկրաինայի վերաբերյալ այդ որոշումը, Հայաստանը դարձնել է ավելի խոցելի և դեռ ավելին՝ Ղարաբաղն էլ դարձնել խոցելի, դա հանցանքն է»,- ասաց նա և համոզմունք հայտնեց, թե չեն գնա այդ քայլին:
«Ես կարծում եմ՝ կա գլոբալ քաղաքականություն և կա ռուսական քաղաքականություն, այդ երկու քաղաքականությունների վեկտորներն իրարամերժ են և Հայաստանը վերջնական պետք է կողմնորոշվի ում հետ»,-եզրափակեց նա:



