Ֆեյսբուքյան էջերն այսօր լուրջ խնդիրներ են լուծում թե՛ կոմերցիոն և թե՛ ոչ կոմերցիոն առաջմղում իրականացնելու հարցում: ՀՀ-ում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում Ֆեյսբուքն առաջին տեղում է, լրատվական կայքերի մուտքերի մեծ մասն ապահովվում է Ֆեյսբուքի միջոցով: Ֆեյսբուքյան էջերը հարմար գործիքներ են նաև քաղաքական գործիչների համար:
Այսօր կփորձենք ուսումնասիրել ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան էջերը: Մարուքյանն ու Ուրիխանյանը ղեկավարում են նորաբաց ընդդիմադիր կուսակցություններ: Իրենց ղեկավարած կառույցների զարգացման կենսափուլերը հաշվի առնելով` նպատակահարմար և առավել օբյեկտիվ եմ համարել զուգահեռներ իրականացնել հենց այս գործիչների ֆեյսբուքյան էջերի միջև:
Ուրիխանյանի ֆեյսբուքյան էջն ունի 7.016, իսկ Մարուքյանինը` 3.779 հավանող: Չնայած հավանողների ավելի քիչ քանակին` Մարուքյանի էջը հաստատված է Ֆեյսբուքի կողմից` որպես պաշտոնական հաշիվ, ինչը, բնակաբար, առավելություն է: Էջի հավանողների թվի աճի արագությամբ, սակայն, Ուրիխանյանը գերազանցում է Մարուքյանին: Այս պահի դրությամբ Ուրիխանյանի էջը միջինում ավելանում է ամսական 423, շաբաթական 142, օրական 18 հավանողով: Մարուքյանի էջի դեպքում պատկերը հետևյալն է. ամսական` 109, շաբաթական` 73, օրական` 8: Ուրիխանյանի էջի հետևողների 84.4 % հայեր են, Մարուքյանի էջի միևնույն ցուցանիշը 90.0 % է: Երկու գործիչների ֆեյսբուքյան էջերում էլ Հայաստանից հետո ամենից շատ հետևողներ կան ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից. բնական է, սրանք այն երկրներն են, որտեղ հայկական մեծ համայնքներ կան:
Փորձենք բովանդակային վերլուծություն կատարել երկու էջերում առկա կոնտենտի վերաբերյալ:
Ուրիխանյանի էջը, կարելի է ասել, լավագույնս օգտագործում է ֆեյսբուքյան գովազդի հնարավորությունը: Ընտրվում է էլեկտորատի համար բավական ականջահաճո հիմնախնդիր, տեղադրվում է կարճ և դիպուկ վերնագիր: Եթե մարդկանց մեծ մասը չկարդա կամ չդիտի ամբողջական ռեսուրսը, ապա հազարավոր մարդիկ դրականորեն են տրամադրվում Տիգրան Ուրիխանյան անուն-ազգանունի նկատմամբ:
Չնայած նրան, որ Մարուքյանը նույնպես հաճախ է անդրադառնում էլեկտորատի վրա ազդեցության տեսանկյունից թիրախային թեմաների, նրա էջով միշտ չէ, որ մատուցվում է պարզ և արագ ընկալելի նյութ: Տոկոսային հարաբերակցությամբ Մարուքյանը զիջում է կարճ և դիպուկ վերնագրերի ընտրության հարցում:
Գլոբալ առումով կարելի է ասել, որ երկուսի մոտ էլ պաթոսի ողջամիտ չափաբաժին կա: Վստահ եմ` նրանք նույնպես գիտակցում են դա, սակայն հասկանում են, որ տեխնոլոգիական առումով ավելի ճիշտ է խոսել թրենդային թեմաներից:
Ուրիխանյանն ու Մարուքյանն էլեկտորատի միևնույն հատվածի համար պայքարող մեկ այլ ազդեցիկ մրցակից ունեն. խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է: Փաշինյանը շատ ցուցանիշներով գերազանցում է Մարուքյանին ու Ուրիխանյանին՝ միասին վերցրած: Փաշինյանի մասին առավել մանրամասն կխոսենք հաջորդ անգամ: