Իլհամ Ալիևի վարչակարգը շարունակում է ճնշել նաև իսլամական (սուննիական) աղանդների գործունեությունը: Այս անգամ թիրախում են հայտնվել «նուչուները» (լուսավորականներ):
Նոյեմբերի 19-ին Բաքվի Յասամալ շրջանում իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են «Նուրչու» աղանդի հետևորդներ, որոնց թվում եղել են նաև անչափահասներ:
Նշենք, որ նուրչուականությունը 20-րդ դարի առաջին կեսին հիմնադրել է ազգությամբ քուրդ Սաիդ Նուրսին Թուրքիայում, սակայն աղանդի հետևորդներն ակտիվ գործունեություն են սկսել ծավալել 1950-ականներին՝ «Դեմոկրատական կուսակցության» իշխանության գալուց հետո, ինչը պայմանավորված էր վերջիններիս՝ այս ուսմունքի նկատմամբ բացահայտ համակրանքով:
Հատկանշական է, որ նուրչուականությունը և Ֆեթուլա Գյուլենի ուսմունքն (գյուլենականներ) ունեն մի շարք նմանություններ, ինչի պատճառով էլ հաճախ նույնացվում են: Թուրքիայում հակագյուլենական գործողություններից հետո այդ երկրի իշխանությունների հրահանգով Ադրբեջանը ևս սկսեց ճնշումներ գործադրել գյուլենականների դեմ և իշխանական ապարատը մաքրել նրանցից:
Այս ամենը վկայում է, որ ադրբեջանական իշխանություններն անհանգստացած են այսպիսի կրոնական խմբավորումների գործունեությունից, որը կարող է կրոնական քողի տակ կրքեր բորբոքել ու ներպետական անկայունության պատճառ դառնալ, և փորձում են ճնշումների միջոցով թուլացնել դրա ազդեցությունը հասարակության մեջ: Միևնույն ժամանակ Ադրբեջանը սրանով ցանկանում է հաճոյանալ թուրքական իշխանություններին: