Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ի հանրահավաքի տրիբունից դիմելով ֆեյսբուքցիներին, կիսահեգնական տոնով ասում ա, որ ֆեյսբուքցիները լավն են, էս են, էն են ու էլի իրենցն են, բայց պետք է գան, կանգնեն իրենց կողքին հրապարակում, որովհետև ֆեյսբուքով հարց չի լուծվում։
Միանշանակ միայն ֆեյսբուքով հարցեր չեն լուծվում, բայց վերջին 7 տարում բոլոր գլոբալ լուրջ հարցերը, որոնք գոնե մասնակիորեն լուծում են ստացել, ստացել են այդ լուծումները հենց ֆեյսբուքյան ակտիվի միջոցով, և որքան ավելի ապակուսակցականացված են եղել այդ շարժումները, այնքան ավելի արդյունավետ է եղել այդ պայքարը. Մաշտոցի այգի, Պարտադիր կուտակային, Բաղրամյան...
Պետք չէ հեգնել կամ էլ այնպիսի կեցվածք որդեգրել, թե բա մենք՝ ակտիվ ընդդիմադիրներս, եղանակ ենք փոխում, գործ ենք անում, իսկ դուք ֆեյսբուքում չարաճճիություններ եք անում։ Մի անգամ եղավ, երբ «ֆեյսբուքցիներ» ասվածը դուրս եկավ փողոց, Բաղրամյանի իրադարձություններն էին, ու եթե չեմ սխալվում, այդքան մարդ փողոց դուրս չէր եկել 2008 թվականից ի վեր, համենայն դեպս՝ այդքան երիտասարդ ու ավտոբուսներով չբերված զանգված։
Այո՛, այնտեղ կային նաև կուսակցական ու քաղաքական այլ միավորների ներկայացուցիչներ, բայց ընդհանուր կոորդինացիան, տեղեկատվության աղբյուրները և մոբիլիզացիոն ռեսուրսը հենց ֆեյսբուքում էր, ու ամենավառ և բազմամարդ օրերին Բաղրամյանում մեծամասնություն էին կազմում անկուսակցական մարդիկ, ովքեր այդքան էլ հաճախ չեն դուրս գալիս փողոց ու չունեին հստակ քաղաքական պատկանելիություն։ Ու Բաղրամյանի ալիքը սկսեց մարել հենց էն պահից, երբ տարբեր քաղաքական ուժերի ամբիցիաներն ու մուխլյոժները սկսեցին գերակայել։
Այնպես որ, պետք չէ հեգնել, ֆեյսբուքցիները գիտեն Ազատության հրապարակի տեղն էլ, այնտեղ հավաքվող ուժերին էլ, և ամենևին վախն ու սեփական կաշվի փրկության հարցը չի, որ ստիպում է մարդկանց չուզենալ գալ ու կանգնել ձեր կողքին։ Պատճառներն էլ ոչ թե ֆեյսբուքում ու ֆեյսբուքցիների մեջ փնտրեք, այլ հենց ձեր, և գուցե այդ ժամանակ անեք այն հետևությունները, որոնք «ընդդիմությունը» կդարձնի ավելի գայթակղիչ, քան «դիմությունը»։



