Արդեն 10 օր է՝ ուշադիր հետևում եմ սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալվող քարոզարշավին ու կարող եմ ասել, որ այս ողջ ընթացքում բարեփոխումներին դեմ հանդես եկող մարդկանց մոտ գերակայել են առավելապես էմոցիոնալ ու անձնավորված փաստարկները։ Այսինքն՝ մեծ հաշվով ընդդիմադիրների փաստարկները հիմնվում են նրա վրա, որ գործող իշխանություններն ու ՀՀԿ-ն լավը չեն, ուստի չի կարող նրանց առաջարկած սահմանադրությունն էլ վատը չլինել։
Ու այս պատճառահետևանքային կապը կարմիր գծով անցնում է ընդդիմադիրների բոլոր փաստարկների միջով. իրենք վատն են, իրենք բոբո են, իրենք էս են, իրենք էն են... Սակայն, եթե վերլուծում ենք իրավիճակն ավելի խորն ու ավելի սառնասիրտ, հասկանում ենք, որ այդ ամենը որքան էլ արդարացի լինի, երկրորդական գործոն է այն պարզ պատճառով, որ նույն իշխանությունները, նույն ՀՀԿ-ն ու նույն այն անձինք, ում անվանարկմամբ ընդդիմադիրները փորձում են ավելի ազդեցիկ դարձնել իրենց փաստարկները, չեն կորչելու ոչ միայն նոր սահմանադրություն ունենալու դեպքում, նրանք իրենց տեղերում են մնալու գործող սահմանադրության պահպանման պարագայում էլ։ Ու սա արդեն ոչ թե հիպոթեզ է, այլ կայացած իրականություն ու պրակտիակորեն ապացուցված փաստ։
Այլ կերպ ասած, Սամվել Ալեքսանյանը լինելու է թե՛ նոր սահմանադրությամբ, թե՛ առանց դրա։ Այլ կերպ ասած, Գալուստ Գրիգորիչը երևի չլինի թե՛ նոր սահմանադրությամբ, թե՛ առանց դրա (տարիքի պատճառով)։ Այլ կերպ ասած, Լիսկան այդպես էլ չի պահելու իրեն պատմական գիտությունների դոկոտորին հարիր՝ անկախ նրանից, թե ինչ սահմանադրություն լինի։ Ու էլի նման տխուր և ուրախ օրինակներ, եթե սահմանադրական բարեփոխումները բերում ենք անձնավորումների մակարդակ։ Այդ բոլոր անձիք մահկանացու են, այսինքն անցողիկ։ Վաղ թե ուշ այդ անհատները լքելու են ասպարեզը, իսկ սահմանադրությունը մնալու է, ու պետք է քննարկումներն ու պոլեմիկան տեղափոխել հենց այդ դաշտ։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/11/blog-post_20.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել