Մետաղների գների անկումը համաշխարհային շուկայում շարունակվում է: Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի ներկայիս գները 1850 դոլարով ցածր են նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցված գնից: Այս մակարդակի գնանկում վերջին անգամ գրանցվել էր վեց տարի առաջ: Վիճակը հուսադրող չէ նաև մոլիբդենի համար, որի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան երկու անգամ:
Ընդանուր առմամբ գնանկում է նկատվել, թե՛ ոսկու, թե՛ պղնձի շուկայում:
Հայաստանի համար կարևոր մետաղների գնանկումը չի կարող լինել անհետևանք: Մենք համարվում ենք պղինձ և մոլիբդեն արտահանող երկիր, և, բնական է, որ նման գնանկման հետևանքով հաջորդ տարվա բյուջեի սպասվելիք եկամուտները կկրճատվեն:
Տնտեսական աճի ձևավորման հարցում իրենց կարևոր դերն են խաղում գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: Այս պայմաններում, եթե գյուղացու միակ չարիքը կարող է հանդիսանալ բնությունը, ապա արդյունաբերական ոլորտում առկա ներկայիս վիճակը ստիպում է այսօրվանից մտածել որևէ կերպ իրավիճակը մեղմացնելու համար: Նախորդ տարվա գնանկումից հետո գործադիրը կարողացավ լրացնել այդ բացը` պղնձի գների անկումը փոխհատուցելով պղնձի արդյունահանման ֆիզիկական ծավալների գրեթե 1,5 անգամ աճով: Սակայն դա այսուհետ չի կարող հանդիսանալ տնտեսական աճի ապահովման լուծում, և այս իրավիճակում պետք կլինեն նոր լուծումներ: