Այսօր ՀԱԿ-ը վերջին 7 տարում արդեն 15000-րդ անգամ պատրաստվում է «համազգային հանրահավաք» անցկացնել, ու, անկասկած, նրանք այս անգամ էլ են ռեժիմին խուճապի մատնելու, այս անգամ արդեն սահմանադրական բաեփոխումների հանրաքվեի վերաբերյալ։
Ուշագրավն այն է, որ այս նոր քարոզարշավում ՀԱԿ-ը ֆանտաստիկ համառությամբ էլի իր հին էշն է քշում. Սերժ, ռեժիմ, ավազակապետություն, ժողովրդավարություն, մարտի 1, Սերժ, ռեժիմ, ավազակապետություն, ժողովրդավարություն, մարտի 1... Պլաստինկեն ծամել ա սրանց, բայց իրենք էլ չեն հասկանում։ Ու չհասկանալով այնպիսի գոռոզ կեցվածք են ընդունում, որ մնացած ուժերն արդեն զզվելով են հետներն ինչ-որ համատեղ բան փորձում ձեռնարկել։
Խնդրեմ, արդեն երկու հատ «Ոչ»-ական դաշինք կա, որոնցից ոչ մեկին ՀԱԿ-ը չի միանում, որովհետև գիտենք, թե ինչ հիվանդագին են այնտեղ մոտենում «արմատական ընդդիմության» իրենց տիտղոսը վիճարկող ու դրա համար մրցակցող ցանկացած թիմի։ Ձեռքի հետ էլ աջուձախ անուն են դնում ու պիտակավորում են բոլոր նրանց, ովքեր չեն համաձայնվում մի գծի մեջ շարժվել իրենց հետ։
Ասենք, տեսեք, «Այո և Ոչ» նախագծում ընդդիմադիր կողմը ներկայացված է Ազատ դեմոկրատներով, Հիմնադիր խորհրդարանով, «Հայազն»-ով, հասարակական միավորումներով, ՀԱԿ-ի նախկին անդամներով և այլն, բայց դա ամենևին չի խանգարում, որպեսզի ՀԱԿ-ի լուսավոր գլուխները հեգնանքով անվանեն այս նախագիծը «Այո և Այո»։ Իբր տեսեք-տեսեք, մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, իսկ նրանք՝ ամեն ինչ սխալ։
Բարի, այսօր էլ հենց այդ հնարավորությունը կունենանք հերթական անգամ տեսնելու, թե ինչպես ռեժիմացունց ՀԱԿ-ն իր բոլոր սատելիտներով, պարզապես հետաքրքրված անցորդներով ու լրագրողներով մի կերպ է կարում մի քանի հարյուր մարդ դուրս բերել փողոց, չնայած այն հանգամանքին, որ իրենց դիրքորոշում են՝ որպես մեծ ժողովրդականություն վայելող ու միակ ճշմարիտ դավանանք ունեցող ընդդիմադիր ուժ։