Ճապոնական տրամադրություն Երևանում. հաջորդ շաբաթ Երևանում ճապոնական մշակույթի օրեր են լինելու, որոնց մասին BlogNews-ը զրուցել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հետ։
Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, ճապոնացի գրող Մացուգո Օնոն, ով ստացել է «Ակուգավա» հեղինակավոր մրցանակն իր «Ինը տարվա վաղեմության աղոթք» աշխատանքի համար, դասախոսություն կկարդա Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, որին կհաջորդի հայ գրող Արամ Պաչյանի հետ երկխոսությունը: Դեսպանը նշեց, որ Պաչյանին ընտրել են հայ գործընկերների խորհրդով։
Նոյեմբերի 25-ին հայ-ճապոնական «Հիկարի» մշակութային կենտրոնում տեղի կունենա համերգ՝ երգահան-կատարող Իրիե Յոսուկեի կատարմամբ։ «Ներկայացվելու է ճապոնական ավանդական շակուհաչի գործիքը։ Շակուհաչին ճապոնական ազգային գործիք է, որը շատ նման է հայկական դուդուկին, պարզապես այն պատրաստված է բամբուկից»,- ասաց Էյջի Տագուչին։
Նոյեմբեր 27-ին Մոսկվա կինոթատրոնում կանցկացվի ճապոնական ֆիլմերի 9-րդ փառատոնը։ «Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու է 5 կինոնկար՝ ժամանցային, սիրային։ Մի ֆիլմն էլ ջրի՝ սնդիկով աղտոտվածության մասին է։ Փորձել ենք ընտրել այնպիսի ֆիլմեր, որոնք կհետաքրքրեն և՛ մեծահասակներին, և՛ երիտասարդներին։ Կարծում եմ՝ ֆիլմերի միջոցով շատ հեշտ և ճիշտ է ներկայացնել ինչ-որ մի երկրի մշակույթ։ Ես ցանկանում եմ, որ այս կինոցուցադրությունը նպաստի ճապոնական մշակույթի տարածմանը Հայաստանում։ Ես հուսով եմ և կարծում եմ, որ հայերին կհետաքրքրեն այս ֆիլմերը»,- ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպանը։
Նա կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այլ քաղաքներում։ Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին կինոփառատոնը կանցկացվի համապատասխանաբար Գյումրիում և Էջմիածնում։ Մտադրություն կա հաջորդ տարվա սկզբին այն կազմակերպել նաև Վանաձորում։
Արդեն նոյեմբեր 28-ին «Հիկարի» մշակութային կենտրոնում ելույթ կունենա ճապոնացի դերասանուհի Սայոկո Շիրոտանին։ Նա կխաղա ներկայացում և կերգի, կներկայացվեն նաև ճապոնական ավանդական պարեր:
Ի դեպ, բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
«Ճապոնիայում էլ ՀՀ դեսպանատունն է ակտիվ գործունեություն ծավալում մշակութային միջոցառումների կազմակերպման հարցում։ Փարաջանովը շատ հայտնի անուն է Ճապոնիայում։ Նախորդ տարի կայացավ հայկական ֆիլմերի փառատոն և խաչքարերի ցուցահանդես»,- նշեց դեսպանը։
Էյջի Տագուչին հայտնեց, որ ցանկանում են, որպեսզի Հայաստանում ավելի շատ մարդիկ սովորեն ճապոներեն։ «Գյումրու Մանկավարժական համալսարանում այս տարվա հոկտեմբերից ուսուցանվում է ճապոներեն։ Հայաստանում այժմ 200 մարդ սովորում է ճապոներեն։ Ես այս տվյալներն ասում եմ ըստ պետական և մասնավոր ուսումնական հաստատությունների տվյալների։ Հուսով եմ՝ այդ թիվը կաճի»,- եզրափակեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի