Կփորձեմ էս անգամ մի քիչ ավելի լուրջ խոսել ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշման մասին: Իրականում, չնայած ամեն տեսակ քննադատությանն ու նույնիսկ Ծառուկյանի հասցեին հնչեցված անձնական բնույթի վիրավորանքներին՝ ԲՀԿ-ի առաջնորդը (կամ նրա մենեջերները) իրականացրեց փայլուն մշակված գործողություն, որով, փաստացի, հողին հավասարեցրեց հայաստանյան արմատական հորջորջվող ընդդիմությանը՝ իր պերճանքով և թշվառությամբ հանդերձ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀԱԿ-ին, որի մի թևը նախ հակամարտության մեջ մտավ ԲՀԿ-ի հետ համագործակցության կողմնակից մյուս թևի հետ՝ այդպիսով լրջագույն հարված հասցնելով ՀԱԿ-ի թվացյալ միասնականությանը: Առաջին արարից հետո, երբ թվում էր, թե այս ամենին պիտի հետևեր ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, և որի հետ այնքան մեծ հույսեր էր կապում Տեր-Պետրոսյանի թիմը, Ծառուկյանն ուղղակի խաղից դուրս եկավ՝ արմատական ընդդիմությանը թողնելով երկակի ու շատ անհարմար վիճակում: Մի կողմից՝ ՀԱԿ-ում անմիջապես սկսվեց ներքին ընդհարումների նոր փուլ, ինչը նախագահական ընտրություններից առաջ կարող է և, երևի, կունենա՛ կործանարար հետևանքներ: Մյուս կողմից, իրադարձությունների նման զարգացումը, փաստացի, բացահայտեց, որ արմատական ընդդիմությունն ուղղակի դատապարտված է որպես նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ միայն նա է ի վիճակի քիչ թե շատ մեղմել ընդդիմության անկման արագությունը: Միաժամանակ, սակայն, փաստ չէ, որ Տեր-Պետրոսյանը կհամաձայնի այս տարբերակին, քանի որ փորձելով փրկել իր ղեկավարած կառույցի հավաքական արժանապատվության փշուրները՝ նա ինքն է դառնալու զոհ, քանի որ փոշիացնելու է քաղաքականությունից արժանապատվորեն հեռանալու իր այլևս վերջին ու միակ հնարավորությունը:
15.12.2012
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.sardaryan/posts/547158691974896
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել