Այսօր կառավարությունը հաստատեց «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը:
«Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգը կիրառվում է այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են Մաքսային միության տարածք երրորդ երկրներից, սահմանված ժամկետներում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման և օգտագործվում են վերամշակման գործողություններ կատարելու համար:
Ապրանքների վերամշակման գործողությունները ներառում են՝ ապրանքների մշակումը, որի ժամանակ օտարերկրյա ապրանքները կորցնում են իրենց բնորոշ հատկանիշները, նաև ապրանքների պատրաստումը՝ ներառյալ մոնտաժը, հավաքումը, քանդումը և հարմարեցումը:
«Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը թույլատրելի է այն դեպքում, երբ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների համար վճարման ենթակա՝ ներմուծման մաքսատուրքերի գումարներն ավելի քիչ են, քան այն գումարները, որոնք պետք է վճարվեին օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվա դրությամբ, եթե դրանք ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով:
Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները կձևակերպվեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, որի նկատմամբ կկիրառվի ներմուծման մաքսատուրքեր այն դրույքաչափերով, որոնք կիրառվում են վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ:
Փաստորեն, եթե «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով հանրապետություն ներմուծվող ապրանքները (հումք ու նյութերը կամ կոմպլեկտավորող մասերը) ծառայում են վերջնական արտադրանք ստանալու համար, ապա ներմուծված ապրանքների համար կգանձվի մաքսատուրք պատրաստի արտադրանքի համար նախատեսված մաքսատուրքի դրույքաչափով` եթե պատրաստի արտադրանքի դրույքաչափը ավելի ցածր է ներմուծված ապրանքների դրույքաչափից:
Որոշման ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ շրջանակներում համակարգված մաքսային քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ և միտված է ներքին արտադրողի համար բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը: Այն կնպաստի ներքին արտադրության խթանմանը և ներմուծման փոխարինմանը:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում:
Դրանք են՝ միջազգային փոստային առաքումներով փոխադրումները, մաքսային հայտարարագրի փոխարեն տրանսպորտային, առևտրային և/կամ այլ փաստաթղթեր օգտագործելու, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելու դեպքում, ինչպես նաև օտարերկրյա պետությունների պաշտոնական ներկայացուցչությունների, միջազգային պայմանագրերին համապատասխան առավելություններից, արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող օտարերկրյա անձանց առանձին կատեգորիաների կողմից ապրանքներ տեղափոխելու դեպքում:
Որոշման ընդունումը բխում է ԵԱՏՄ օրենսդրության իրավակիրարկումը ապահովելու անհրաժեշտությամբ: