Մոտ չորս ամիս ՀՀ առողջապահության նախարարության ինտերնետային կաjքում տեղադրված էր «Մանուկների և վաղ տարիքի երեխաների անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցումն ապահովելու նպատակով կրծքով կերակրման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման 2016-2020թթ. գործողությունների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը հավանության արժանացավ կառավարության ս.թ. նոյեմբերի 19-ի նիստում: Սա նախարարության թերացումը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ ճիշտ հակառակը` բաց և թափանցիկ աշխատելու վկայությունը: Եվս մեկ նորամուծություն, որն ավելի ու ավելի հաճախ են կիրառում գերատեսչությունները. նախագծի մշակմանը, բացի նախարարության աշխատակազմի մասնագետներից, մասնակցել են նաև «Վստահություն» ՀԿ-ի ներկայացուցիչները:
Պաշտպանելով կրծքով սնուցում ստանալու երեխայի իրավունքը՝ սույն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանվել են այն միջոցառումները, որոնք նպաստում են մեր երկրում կրծքով սնուցմանն աջակցող միջավայրի ստեղծմանը, բուժաշխատողների և մայրերի գիտելիքների համալրմանը և վաղ հասակի երեխաների սնուցման լավագույն գործելակերպի տարածմանը: Սահմանված միջոցառումներն ուղղված են կրծքով կերակրման քարոզչությանը, տեղեկության հավաքմանն ու վերլուծությանը, կրծքով կերակրելու խրախուսման վերաբերյալ բուժաշխատողների կրթմանը, առողջապահական կազմակերպություններում նորածիններին համապատասխան ծառայությունների տրամադրմանը, կերակրող մայրերի և նրանց երեխաների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանն ու միջգերատեսչական համագործակցության ապահովմանը:
Փաստաթղթում ձևակերպված է նաև ազգային ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքը` երեխաներին կրծքով սնուցման կազմակերպման պատշաճ գործելակերպի ներդրում, կրծքով կերակրման աջակցության և խրախուսման ճանապարհով երեխաների առողջ աճի և զարգացման ապահովում, հիվանդացության և մահացության կրճատում:
Սույն որոշման ընդունումից հետո նախատեսվում է ընդունել ևս երկուսը. առաջինով կհաստատվի մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերի համաձայնեցման և լիազորման կարգը, երկրորդով կսահմանվեն մանկական սննդի և հարակից ապրանքների պիտակներին ներկայացվող լրացուցիչ պահանջները: Այնուհետև առողջապահության նախարարն իր հրամանով կհաստատի հատուկ սնուցողական պահանջներով թելադրված բժշկական ցուցումների, ինչպես նաև մայրական կաթով կերակրելու բժշկական հակացուցումների ցանկը:
Այս ամենի շնորհիվ մինչև 2020 թվականը 6 ամսականից ցածր երեխաների բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը պետք է աճի մեկ քառորդով և 2010թ. 35 տոկոսի փոխարեն ժամկետի վերջում հասնի 45 տոկոսի: