Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին փառաբանող haqqin.az կայքը հերթական անգամ ապացուցեց, որ նույնիսկ ապատեղեկատվություն տարածելու համար խելք ու շնորհք է պետք: Բայց քանի որ կոյունլուն, այսինքն՝ ոչխարը, նույնիսկ կոստյում հագած մնում է ոչխար, ապա ձեռնարկած գործն էլ այսպիսի անփառունակ վախճան էր ունենալու՝ սկսելուց ընդամենը մի քանի րոպե անց: Իսկ այդ «գործն» այն էր, որ Ի.Ալիևի՝ Բաքու հետ վերադառնալուն պես վերջինիս կողմից վերահսկվող ԶԼՄ-ներն ավելի մեծ թափով սկսեցին հարձակումներն «անշնորհակալ ու դավաճան» Վրաստանի վրա, որի ղեկավարությունը նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիի և փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կ.Կալաձեի գլխավորությամբ բանակցում են «օկուպանտ» ՌԴ-ի «Գազպրոմ» ընկերության հետ՝ փորձելով դիվերսիֆիկացնել Վրաստանի գազի շուկայում տիրող մենաշնորհային վիճակը և դուրս բերել հանրապետությունը թուրք-ազերիական տանդեմի տոտալ վերահսկողությունից: Սակայն պաշտոնական Թբիլիսիի այս քաղաքականությունը սվիններով ընդունվեց Բաքվի կողմից։ Ի.Ալիևի համար անձնական վիրավորանք էր Կ.Կալաձեի այն հայտարարությունը, որ Ադրբեջանն ինքն իրեն չի կարող գազով ապահովել և այն գնում է «Գազպրոմ»-ից: «Իսկ ինչո՞ւ մենք չեն կարող գազ գնել նույն ռուսաստանյան ընկերությունից»,-հարցնում էր իրեն քննադատողներին Վրաստանի փոխվարչապետը: Այս հարցի շուրջ նույնիսկ արտահատվել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը, ով ևս կոչ է արել պաշտոնական Թբիլիսիին «ավելի լավ մտածել»` այդպիսով պաշտպանելով Բաքվին այս «գազային պատերազմում»:
Սակայն ազերիական haqqin.az կայքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ի.Ալիևին գոհացնելու համար ընդունակ է ամեն տեսակ ապուշության: Ըստ սույն կայքի՝ Վրաստանի նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիի թբիլիսյան նստավայրի դիմաց տեղի է ունեցել ցույց, որի ժամանակ ցուցարարները բողոքել են Վրաստանի և ռուսական «Գազպրոմի» միջև ընթացող բանակցություններից (նյութն` այստեղ): Ընթերցելուց այնպիսի տպավորություն ես ստանում, որ այդ ցույցը տեղի է ունեցել երեկ: Կայքն այս տեղեկությունը հաղորդելուց հղում է կատարել վրացական «Грузия онлайн»-ին: Սակայն երբ փորձ կատարեցի ստուգել այս տեղեկությունը, պարզվեց, որ, ըստ «Грузия онлайн»-ի, այս ցույցը տեղի է ունեցել ոչ թե նոյեմբերի 18-ին, ինչպես դա փորձում է ներկայացնել ազերիական կայքը, այլ սույն թվականի հոկտեմբերի 10-ին (նյութն` այստեղ):

Այսպիսի հիմար մեթոդներով ազերիները պայքարում են ոչ միայն ՌԴ-ի և «Գազպրոմի», այլև Երևանի, Արցախի և շատերի դեմ:

Հ.Գ. Կոպիտ սխալների բացահայտումից հետո այս կայքը գերադասում է «սխալ» տեղեկությունն անձայն և առանց ավելորդությունների հեռացնել: Տեսնես հիմա է՞լ է այն անաղմուկ հեռացվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել