Ես ուզում եմ՝ լավ Սահմանադրություն ունենանք, ու անկախ իշխանությունների և այլոց հանդեպ ունեցած մեր տեղի կամ անտեղի վերաբերմունքից՝ ընթանում է անխուսափելի գործընթաց։ Դրան ոչ միայն պետք է առհասարակ գնահատականներ տալ, այլ նաև ըստ էության, որը փորձում եմ անել։ Մասնավորաբար դա անում եմ «Այո և Ոչ» ռեալիթի շոուի ընթացքում։
Այդ մանդատը տվել է ինձ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, կուսակցության նախագահի՝ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ։
Մասնակցությունը քննադատվում է փոփոխությունները չընդունողների ու այլ կերպ «Ոչ» քարոզողների կողմից, որոնց չցանկանալով գնահատականներ տալ՝ կասեմ՝ նաև նրանց դիմելով, որ սա այն հնարավորությունն է, որտեղ կարող են հնչեցվել սահմանադրության նախագծի վերաբերյալ ձեր կարծիքները ևս։
Հարցին, թե ինչու եմ տվյալ փոփոխություններին դեմ, կասեմ, որ անթույլատրելի եմ համարում ունենալ Մայր օրենքում այնպիսի հոդվածներ, որոնք երկիմաստ կարող են մեկնաբանվել. ա) 89-րդ հոդված, որով կարող է ԱԺ-ն վերացվել ներկայացուցչական մարմին լինելուց։ բ) Հոդված 201, որով կարելի է առանց հաշվի առնելու հայ ժողովրդի կարծիքը փոփոխել սահմանադրությունը։ գ) 205 հոդված, որով հնարավոր է փոփոխել ՀՀ տարածքները։
Իհարկե, այս մոտեցումը ևս քննադատության է ենթարկվում, բայց դա չի վերացնում այն ռիսկ լինելուց։ Համանման ռիսկերը կվերանան, երբ այս դրույթներն առհասարակ դուրս գան սահմանադրության նախագծից։ Կան այլ խնդրահարույց դրույթներ ևս, որոնք նույնպես քննադատության արժանի են և պրոբլեմներ են իրենց մեջ պարունակում, բայց նշածներս ֆունդամենտալ են, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը, պետական կառավարմանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել