Հայաստանի քաղաքական վարքականոնի մեջ տրամաբանություն փնտրելն անիմաստ ու անշնորհակալ գործ է։ Անիմաստ է, իհարկե, եթե դատողություններդ պիտի փորձես կառուցել քաղաքագիտական, քաղաքակրթական կամ ժողովրդավարական չափանիշների ու կանոնների վրա։ Բայց քանի որ ժողովրդավարությունը հեռավոր աղերսներ իսկ չունի հայաստանյան խաղի կանոնների հետ ու ժողովրդավարական ինստիտուտներն էլ սոսկ բուտաֆորիաներ են և ծառայում են իշխանության խաղի կանոնների լեգիտիմացմանը, ուրեմն այն, ինչ կատարվում է Հայաստանում, շատ էլ բացատրելի է և գործող քաղաքական ավանդույթների ու քաղաքական մշակույթի համատեքստում նույնքան էլ տրամաբանական։
Շուրջ մեկ ամիս էր հայ «քաղաքական միտքը», գրեթե շեքսպիրյան ծանրությամբ, սևեռվել էր մեկ հարցի շուրջ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, թե՝ ոչ։
Ու մինչ առաջնորդը մտածում էր, մամուլն ու զանգվածային լրատվամիջողները ողողված էին հնարավոր զարգացումների սցենարներով։ Իսկ այդ սցենարներում և քաղաքական դիսկուրսում, ինչպես հարիր է Հայաստանին, օրակարգայինն ընդամենը անձերի և ոչ երկրի հեռանկարի որակական ու բովանդակային խնդիրներն են։
Հավանաբար սա էլ է բացատրելի, որովհետև մեզանում քաղաքական գունապնակը վաղուց երկու գույնից է բաղկացած՝ սևից ու սպիտակից, մերոնցից և ոչ մերոնցից, և միևնույն քաղաքական թիմում լիբերալի, պահպանողականի, քրիստոնյա դեմոկրատի, ռուսամետի կամ արևմտամետի ներկայությունն անգամ զարմանալի չէ։ Զարմանալի չէ, որովհետև տղերքը շատ պարզ մի խնդիր են լուծում՝ իշխանամերձություն և իշխանակազմություն։
Հանկարծ չշփոթել իշխանակազմությունը ընտրության հետ. Հայաստանում ընտրությունները ոչ իշխանակազմության և ոչ էլ իշխանափոխության գործիք չեն։ Պարզապես քրեաօլիգարխիկ տարրը ընտրական գործընթացների իր մասնակցությամբ ու ծառայություններով՝ կազմակերպում է իշխանության վերարտադրությունը և ըստ իր «ներդրումների» ու հավատարմության ռեսուրսի սոցիալական և տնտեսական լծակների բաժնետեր դառնում։
Ու շարքային հայաստանցին, ինչպես միշտ, կանգնում է վատի ու ավելի վատի ընտրության առջև։
Քաղաքական այսպիսի համապատկերի վրա ԲՀԿ-ն փոխանցում է իր որոշումը. Գագիկ Ծառուկյանը ընտրություններին չի առաջադրվում և նախագահական ընտրություններին չի սատարելու որևէ քաղաքական ուժի։ Ահա այսպիսին է խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի որոշումը, որին խորհրդարանական ընտրություններին աջակցել է շուրջ 450 000 ընտրող։ Մի կողմ թողնելով աջակցության որակը (սոցիալական գործոն, ընտրակաշառք, ադմինիստրատիվ ռեսուրս և այլն), այնուամենայնիվ Հայաստանի ընտրողների մեկ երրորդը կազմող այդ 450 000 քաղաքացի իրավունք ունի մոլորվելու կամ իրեն խաբված զգալու։ Ու քանի որ Հայաստանում քաղաքական գործընթացներում տրամաբանություն փնտրելն անիմաստ է և նույնքան էլ անիմաստ քաղաքական պատասխանատվության ինստիտուտից խոսելը, անմիջապես շրջանառության մեջ են դրվում հնարավոր ալիբիները. Հայաստանի ճակատագիրը դրսում է որոշվում, ներքին ու արտաքին ճնշում, ռուսական և ոչ ռուսական գործոն և այլն։
Այն, որ քաղաքական այսպիսի զարգացումներն անհեռանկարայնության, հուսահատության և ազգային անկարողության մթնոլորտն են թանձրացնում, հստակ է։ Նունքան էլ վտանգավոր է այն հիվանդագին իրողությունը, որ մեղավորներ տեսնում ու փնտրում ենք ամենուր, բացի ինքներս մեր մեջ։ Այս էլ քանի դար պատմությունը դաս չի դառնում մեզ. ու մենք շարունակում ենք Հայաստանի ճակատագիրը դրսերի հետ կապել։ Ավաղ այս ընթացքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին մասնակից չի սեփական իշխանության ձևավորմանը։
Մինչդեռ քաղաքական այս ամլության մեջ մեղավոր ու դերակատար են բոլորը և առաջին հերթին իշխանություն- քաղաքական մեծամասնությունը, որը սեփական տրոյական ձիերով խաթարում է ժողովրդավարական պետության բանաձևը։
Խուճապի և իրավիճակը սթափ գնահատելու մարտահրավերի առջև է նաև ընդդիմությունը։ Այն ընդդիմությունը, որին այդպես էլ չի հաջողվում միասնական ազգային-քաղաքական օրակարգ ձևավորել ու երկիրը փոսից դուրս բերել։
Չեմ ուզում թանձրացնել գույները, բայց ստեղծվել է մի իրավիճակ, ուր քաղաքական թե սև, թե սպիտակ կողմերը չեն պատասխանում հանրային սպասումներին, ձգտումներին ու պատվերին, չեն կարողանում բավարար համոզիչ լինել միասնական ճակատ ու օրակարգ ձևավորելու հարցում։
Ո՞րն է երքը, Ինչպե՞ս ազատագրվել այս երկու տասնամյակների ընթացքում ձևավորված մեր պետական-ազգային ընթացքը խափանող հակաքաղաքակրթական բարքերից ու բանաձևից, ռեժիմից, որ երկիրը քաղաքական ճգնաժամի է հանգեցրել։
Գուցե Ծառուկյանի քաղաքական պայքարից հրաժարվելը նաև քաղաքական սանիտարիայի սկիզբ դառնա՞։
Կհաջողվի՞ արդյոք քաղաքական որևէ ուժի կամ անհատի օգտագործել ժողովրդի հիասթափության և հուսահատության էներգիան և այն ուղղորդել ի նպաստ Հայաստան պետության շահի, ցույց կտա ժամանակը։
Իսկ մինչ այդ վիճակագրությունը շարունակում է անողոքորեն արձանագրել. անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից 7000-ով ավել մարդ է հեռացել։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Lilit.Galstian/posts/408058772604076
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել