Ավագ եղբայրը` Թուրքիայի նախագահ Էրդողանը, այս անգամ «հաջողացրեց» ԱՄՆ նախագահ Օբամային ներկայացնել, ինչպես մեր հայտնի հեռուստալրագրողն է ասում` «պուճուր խանին»` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ի պատիվ Էրդողանի պետք է ասել, որ դա արվեց թուրքավարի, մեծ վարպետությամբ, ըստ էության չարաշահելով «Ջի- 20»- ի տանտերը լինելու հանգամանքը:
Երբ երկրների ղեկավարներն իրենց հատկացված տեղերն էին զբաղեցնում լուսանկարվելու համար, հընթացս արված տեսագրությունից ամեն բան պարզ երևում է: Լուսանկարվելու պատրաստ Թուրքիայի նախագահը, որի մի կողմուն արդեն տեղ է գրավել Օբաման, գրեթե աննկատ թեքվում է ԱՄՆ նախագահի ականջին և ենթադրաբար ասում` «Սա Ալիևն է»: Օբաման, այս անգամ ադրբեջանական լրատվամիջոցների ենթադրությամբ, ինչը վերջիններս իբրև իրողություն են ներկայացրել, ասում է` «Բարև Ձեզ, պարոն նախագահ, ինչպե՞ս եք»: Ճիշտ է, չի հաղորդվում, թե ինչ է պատասխանում Ալիևը. նա սեղմում է Օբամայի աջը և սուսուփուս անցնում իր տեղը:
Այդ ընթացքում պետք է տեսնել ԱՄՆ նախագահի դեմքի արտահայտությունը: Հենց որ Էրդողանը նրա ականջին շշնջում է «կախարդական» բառերը, Օբաման բնազդաբար ժպտալու փոխարեն, ինչպես դիմավորում է մյուս նախագահների ձեռքսեղմումը, մեկեն լրջանում է և գրեթե խոժոռ հայացքով արտաբերում վերը նշված բառերը:
Այս ամենը մանրախնդրություն չհամարեք: Իրականում Էրդողանի միջնորդությամբ Օբաման նախ կասեցնում է Ադրբեջան- Ռուսաստան, Ադրբեջան- ԵԱՏՄ շինծու սիրախաղը, որով Ալիևը մի քանի ամիս սպառնում էր ԱՄՆ- ին և որն, իբր, սկուտեղով նրան էր մատուցելու Լեռնային Ղարաբաղը, և հետո յուրահատուկ «ներում» ստանում մարդու իրավունքների խախտման բազում- բազմաթիվ դեպքերի վերաբերյալ:
Այդ դեպքերի մի մասը երեկ թվարկել է ՀՀ փոխարտգործնախարարը:
Այդքան «հաջող» ավարտելով «Ջի- 20»- ը, Ադրբեջանի նախագահը երեկ երեկոյան մեկնել է … Փարիզ` մասնակցելու Յունեսկօ- ի գծով այսօր բացվելիք համաժողովին: Իհարկե, Ալիևն անպայման կհանդիպի Ֆրանսիայի նախագահին, ով ամենայն հավանականությամբ այս օրերին Փարիզ այցելող պետությունների ղեկավարներին հատկապես երախտապարտ կլինի ահաբեկության հետևանքները արհամարհելու և Օլանդի ձեռքն անձամբ սեղմելու «խիզախության» համար:
Դրանից հետո մեկ էլ տեսար ուղնուծուծով ահաբեկչական Ադրբեջանը հայտնվի ոչ միայն հակաահաբեկչական պայքարի առաջնագծում, այլև աշխարհի ժողովրդավարական երկրների ցանկում…
Հայաստանում , էլ չենք ասում Ղարաբաղում, շատ լավ գիտեն Ադրբեջանն ու իր «պուճուր խանին»: Իսկապես, «…էլ ի՞նչ կարելի է սպասել մի պետության ղեկավարից, ով հերոսացնում է մոլագար մարդասպաններին և մի ամբողջ ժողովուրդ իր երկրի թիվ մեկ թշնամին համարում» /Շ. Քոչարյան/:
Մի հարց, այնուամենայնիվ, առկախ է մնում. «Մի՞թե Արևմուտքը տեղյակ չէ այս ամենին, ինչին տեղյակ է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի», թե՞ պետք է վերջնականապես համոզվենք, որ քաղաքականությունն ու բարոյականությունն անհամատեղելի են: