Անկախ նրանից, թե ինչ ընթացք ու ինչ ավարտ կունենան սահմանադրական բարեփոխումներն ու հանրաքվեն, ես կարծում եմ, որ դրանց համատեքստում իրոք օգտակար ու դրական մի բան մենք արդեն իսկ ձեռք ենք բերել, ու այդ ձեռքբերումը «Այո և Ոչ» նախագիծն է, որն արդեն իսկ դժվար է զուտ նորարարական հեռուստանախագիծ համարել։
Իմ համեստ կարծիքով, շնորհիվ այս ռիալիթի շոուի մեզ մոտ զարգանում է նոր քաղաքական ու հասարակական կուլտուրա, թե ինչպես կարող են ու ինչպես պետք է միմյանց հետ շփվեն իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները, իշխանության ներկայացուցիչներն ու հասարակ մարդիկ, հասարակ մարդիկ ու ընդդիմության ներկայացուցիչները։
Այս ամենում մի շատ բարի ու դրական բան եմ տեսնում, որը մեկ էլ նկատել էի Բաղրամյանի ակցիաների ժամանակ. երբ մարդիկ առաջնայնություն են տալիս ոչ թե քաղաքական հայացքներին ու տեսակետներին, այլ մարդը մարդու հետ շփմանը։ Սա ամենևին չի նշանակում, որ «Այո և Ոչ»-ի շրջանակներում թեժ բանավեճեր չեն լինում կողմերի միջև, բայց այդ բանավեճերը որքան էլ թեժ լինեն, այնուամենայնիվ, շատ ավելի քաղաքակիրթ են, ինչին մենք սովոր էինք մինչ այժմ (օրինակ՝ Զուրաբյան-Մելիքյան խայտառակ լեզվակռիվը Պետրոսի մոտ)։
Հույս ունեմ, որ կիթառով Բագրատյանին մենք հետո էլ կտեսնենք, հույս ունեմ, որ հետագայում էլ կտեսնենք պատգամավորների, ովքեր եկել են ոչ միայն ժողովրդի գլուխը հարթուկելու, այլև լսելու այն բաները, որ ժողովուրդն է իրենց ուզում ասել, և հուսով եմ, որ ընդդիմությունն էլ հետագայում կլինի ոչ թե զուտ լաչառ ու պոպուլիստական վանկարկումների վրա հույսը դրած մարգինալների խումբ, այլ բավականին գրագետ, փաստարկված ու հավասարակշռված պրոֆեսիոնալների ու գործիչների ամբողջություն, ինչպես մենք տեսնում ենք «Այո և Ոչ»-ի մասնակիցների օրինակով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1642902242642380&set=a.1436339379965335.1073741827.100007678606149&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել