Ժողովուրդը հոգնել է պաթոսից ու դեմագոգիայից, ու դա մենք տեսնում ենք «Այո և Ոչ» նախագծի յուրաքանչյուր մարզային հանդիպման ժամանակ, երբ բազմաթիվ հասարակ գյուղացիներ ու մարզային կենտրոնների բնակիչներ իրոք հոգնած ու հուսահատ ասում են մոտավորապես նույնը. հիմա ինչի՞ եք եկել, մեկ ա՝ էլի խաբելու եք, հոգնել ենք արդեն թե՛ դիմությունից, թե՛ ընդդիմությունից։
Ինչի՞ց են հոգնել այս մարդիկ առավել շատ։ Իշխանությունների կամայականությունների՞ց։ Իհարկե։ Համատարած կոռումպացվածությունից ու ընտրողական արդարադատությունի՞ց։ Բնականաբար այո։ Բարդ սոցիալական պայմաններից ու հեռանկարի բացակայությունի՞ց։ Անշուշտ։ Սակայն մարդիկ հոգնել են նաև մեսիաներից, դեմագոգներից ու անընդհատ հուսախաբ լինելուց։ Հոգնել են, երբ այդ արատավոր իշխանության կողքին տեսնում են ոչ պակաս արատավոր ընդդիմություն, և նման քարոզարշավների ժամանակ դեռ հարց է, թե ինչն է ավելի նյարդայնացնող՝ արդեն սովորական դարձած դժվար կյա՞նքը, թե՞ ընդդիմության անբովանդակ ու պոպուլիստական կեցվածքը։
Կարծում եմ, որ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր հանրաքվեին «Այո» քվեարկողների մեջ քիչ չի լինելու այն մարդկանց թիվը, ովքեր իրենց «Այո»-ն ասելու են ոչ թե հանուն ինչ-որ բանի ու ինչ-որ մեկի, այլ ոմանց ինադու, և այդ ոմանք այն պոպուլիստ դեմագոգներն են, ովքեր այսօր հեռուստաէկրաններից ու այլ ռեսուրսներով իրենց սրբերի տեղ են դրել, իսկ ժողովրդին՝ անուղեղ մալի։
Արամ Մանուկյանը հայտարարում է, որ Հայաստանում «Այո» ասող գեթ մեկը չկա (ի՞նչ գիտես), Զուրաբյանը հայտարարում է, որ հավաստի տեղեկություններ ունի, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին (ապացույցներ չի ներկայացնում), Սեֆիլյանն էլ իր հերթին է ինչ-որ համազգային մոբիլիզացիայի մասին բարբաջում (այն պարագայում, երբ 100 հոգի մարդ չեն կարողանում փողոց հանել) և այլն։ Եվ այս ամենն այն աստիճան է նյարդայնացնում իր ցինիկությամբ ու իրատեսության բացակայությամբ, որ պարզապես ուզում ես անել ճիշտ հակառակը, ինչ քարոզում են այս դատարկախոսները։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/11/blog-post_16.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել