Tert.am-ը գրում է.

ԼՂ հակամարտության հարցը չի կարելի կապել միայն Ռուսաստանի հետ, քանի որ հարցը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցության տակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն՝ անդրադառնալով վերջին օրերին տարածված այն լուրերին, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի շրջանակում Արցախի որոշ ազատագրած տարածքներ հանձնելու հարցն է քննարկվել:

«Եթե աշխարհի ուժեղները ընդհանուր լուծում չունեն, ապա այս կամ այն համանախագահող երկրի, միջազգային կառույցի խնդրի լուծման վերաբերյալ նոր առաջարկները կամ ինֆորմացիոն սադրանքներ են, կամ փորձում են ստուգել տրամադրություններ»,- ասաց նա:

Ալեքսանդր Մանասյանն ընդգծեց, որ Լավրովը Հայաստանում անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական բանաձևին և ընդգծեց, որ ԼՂ հարցը գտնվում է Մինսկի խմբի հովանու տակ և այլ կառույցների կամ հարթակների միջամտությունը միայն կխանգարեն գործին:

«Ղարաբաղի հարցում չեմ կարծում, որ Ռուսաստանը գնա արկածախնդրության, այն դեպքում, երբ ունի մեծ խնդիրներ: Բայց ուզում եմ նշել, որ ամեն անգամ երբ նախագահող երկրներից մեկը նախաձեռնություն է ցուցաբերում՝ իրավիճակը իր ձեռքը վերցնելու, լուծումներ առաջարկելու համար, դրան հետևում են մյուս երկրների պատասխան քայլերը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել