Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի բնակիչները ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ակտիվորեն օգնում են միմյանց։ Փարիզցիները Twitter-ում հայտարարություններ են տեղադրում՝ գիշերակաց առաջարկելով նրանց, ովքեր չեն կարողանում տուն վերադառնալ ոստիկանական արգելապատնեշների պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ողբերգությունից ընդամենը մի քանի ժամ անց #PorteOuverte հեշթեգը (բաց դուռ ֆրանս.) տարածվել էր մոտ 500 հազար անգամ։

Հատուկ գործողությունների անցկացման գոտու բնակիչները հայտարարություններ են հրապարակում՝ առաջարկելով իրենց տանն ընդունել մարդկանց։ «11-րդ շրջանի Սեն Մոր փողոց։ Մենք ձեզ համար տեղ ունենք»,- գրել է օգտատերերից մեկը։ Մարդիկ ուտելիք, տաք ըմպելիքներ եւ բջջային հեռախոսները լիցքավորելու հնարավորություն են առաջարկում։ Երբեմն ուղղակի համացանցում տեղադրում են իրենց բջջային հեռախոսահամարներն ու հասցեները։

Փարիզի տաքսիներն ուղեւորներին անվճար են տեղափոխում՝ անջատելով հաշվիչները։ «Կոչ ենք անում բոլոր գործընկերներին։ Հիվանդանոցները տաքսիների կարիք ունեն, միացե՛ք»,- հայտարարություն է տարածել քաղաքի խոշոր տաքսի ծառայություններից մեկը՝ LNT-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել