4129477ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Փարիզում «բարբարոսական և ստոր» ահաբեկչություններն ու պնդել, որ հարձակումների համար պատասխանատուները պետք է ենթարկվեն արդարադատության: Ուրբաթ երեկոյան ընդունած գրավոր հայտարարության մեջ ԱԽ-ն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և Ֆրանսիայի կառավարությանը՝ գրում է TASS-ը:

«Անվտանգության խորհրդի անդամները ամենավճռական կերպով դատապարտում են բարբարոսական և ստոր ահաբեկչական հարձակումները, որոնք տեղի են ունեցել 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի մի քանի շրջաններում, ինչի արդյունքում զոհվել և վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք: Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծում են այդ ահաբեկչական հարձակումներում մեղավորներին արդարադատության ենթարկելու անհրաժեշտությունը»,- ասվում է փաստաթղթում:

Հայտարարության նախագիծն առաջարկվել է Ֆրանսիայի պատվիրակության կողմից: Ինչպես հայտնել են երկրի մշտական ներկայացուցչությունում՝ փաստաթուղթը շատ արագ է համաձայնեցվել: Նշվում է, որ ՄԱԿ ԱԽ-ի այլ երկրները լիովին աջակցել են այդ նախաձեռնությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել