Tert.am-ը գրում է.

8.57

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում իրականացված մի շարք ահաբեկչություններից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հայտնում է РИА Новости-ն` ֆրանսիացի նախագահի շրջապատին հղումով։

Աղբյուրը հայտնում է, որ պետությունների առաջնորդները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին մասնակցությունը։ Ավելի վաղ Օբաման հայտնել էր, որ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Ֆրանսիային Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ:


 

8.20

Փարիզում այս գիշեր իրականացված ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Figaro թերթին:

Աղբյուրի տվյալներով` 215 վիրավորներից 83-ը գտնվում են ծանր վիճակում:

Վերջին տվյալների համաձայն` Փարիզում այս գիշեր տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը:

 


7:53

Փարիզում հարձակումների հետևանքով չեզոքացվել է 8 ահաբեկիչ, հայտնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով հետաքննությանը մոտ աղբյուրներին:


6:00

Փարիզում այս գիշեր տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ: Երկրի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել միաժամանակ 6 կետերում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նախնական տվյալներով` ահաբեկչություններն իրականացրել են 5 ահաբեկիչներ:

Մոտ 100 մարդ մահացել է Փարիզի «Բատակլան» թատրոնում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել մարդկանց: Մոտ 40 մարդ էլ ահաբեկչության զոհ է դարձել մայրաքաղաքի այլ թաղամասերում, հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Փարիզի քաղաքապետարանին:

Թատրոնի վրա գրոհի արդյունքում չեզոքացվել է 3 ահաբեկիչ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն արդեն ստանձնել է Փարիզում ահաբեկչական հարձակումների պատասախանատվությունը:

Այնուամենայնիվ, SITE կազմակերպությունը, որը համացանցում իսլամիստների ակտիվության մոնիթորինգ է անցկացնում, հաղորդում է, որ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ չի ստանձնել Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել