Azatutyun.am–ը գրում է.
Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում քիչ առաջ պայթյուններ և կրակոցներ են հնչել, վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ վեց տասնյակ մարդ, տասնյակ մարդիկ պատանդառվել են։
Ավելի վաղ, հիշեցնենք, հաղորդվում էր 18 զոհվածների մասին։
France 24-ի փոխանցմամբ՝ երեք պայթյուն հնչել է Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին։
Հաղորդվում է, որ ֆուտբոլային հանդիպմանը Ստադ դը Ֆրանսում հետևում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը տարհանվել է անվտանգ վայր։
Կրակոցները հնչել են փարիզյան ռեստորաններից մեկում, «Բատակլան» համերգասրահում. այստեղ են, ըստ հաղորդագրությունների, սպանվել մեծ թվով մարդիկ և պատանդառվել է, վերջին տվյալներով, շուրջ 100 մարդ։
BFMTV-ի լրագրողների վկայությամբ՝ համերգասրահում ունկնդիրների վրա կրակ բացողներից մեկը բացականչել է՝ «Սիրիայի համար»։
Դեպքերի վայրեր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ, բժիշկներ։ Ականատեսները Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցողը բնութագրում են որպես «քաոս»։
Ֆրանսիայի նախարարների խորհուրդը գիշերը արտակարգ նիստ է անցկացնում։ Փարիզի քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է մնալ տներում։



