Tert.am-ը գրում է.
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների իրապատման «Հարավ» ուղղության քարոզարշավը:
«Հարավ» ուղղության «այո»-ի մասնակիցներն են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյան, Վարդան Այվազյանը: Իսկ «ոչ»-ի ճակատից են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գևորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Թամարա Գևորգյանը նկատեց, որ մարդիկ հիասթափված են և նույնիսկ չեն ցանկանում կարդալ սահմանադրական բարեփոխումների նախագիծը: «Ովքեր չեն կատարել իրենց պարտականությունները, հասարակությունը պետք է տեսնի, որ պատասխանատվության են ենթարկվում, որ հավատ վերականգնվի: Հիմա եթե դա չեն անում, ոնց են ասում՝ ժողովուրդ ջան այսքան տարի ոնց որ սխալ ենք գնացել, հիմա էլ եկեք սենց գնանք, փորձենք, հո մենք փորձադաշտ չե՞նք»,- ասաց նա։
Ազատ Արշակյանը բարձրացրեց Մեղրիում գազ չլինելու խնդիրը: «Դեմ եմ, որ Մեղրիում գազ չկա, դեմ եմ, որ իշխանությունը Մեղրիի նկատմամբ հատուկ դրական վերաբերմունք չունի»,-ասաց նա:
Վարդան Այվազյանը ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների նախագծում նախատեսված կառավարման համակարգի փոփոխությունը և վերահսկողական մեխանիզմները, ասաց. «Կառավարության անդամն էլ, ես էլ, «աչոտ» ենք տալիս մի հոգու մոտ, հիմա ասում եմ, որ եկեք փոխենք, մի հոգու մոտ «աչոտ» չտամ, որովհետև այդ մարդը որքան հզոր լինի, որքան էլ ուժեղ լինի, այդ մարդը վերջ ի վերջո այդքան չի կարող, այսինքն՝ վերահսկողական մեխանիզմները պետք է «չոտկի» լինեն»:
Ազատ Արշակյանը հեռախոսով խոսելիս ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների նախագծին «ոչ» ասելու հիմնավորումները: «Ես էլ եմ կողմ բարեփոխումներին, ինչը նշանակում է շատ ավելի ազատություններ և ավելի լավ կյանք, հիմա այս նոր Սահմանադրությունը տալի՞ս է ավելի շատ ազատություններ, թե՝ ոչ: Ինձ Մեղրիում այդ հարցը տալիս են: «Ոչ»-ի դեպքում իրենք ունենում են գործող վատ Սահմանադրություն և չանցած սևագիր Սահմանադրություն: Ուրեմն պետք է սևագիր Սահմանադրության վրա աշխատեն, հաշվի առնեն հասարակության քաղաքացիների դիտողությունները»,- ասաց նա:
Ազատ Արշակյանը անդրադարձավ վերահսկողական մեխանիզմներին և նշեց. «Գործող Սահմանադրությամբ, եթե նախագահն անգործություն ցուցաբերեց, Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել նախագահին, եթե ԱԺ-ն է անգործություն ցուցաբերում, նախագահը կարող է անվստահություն հայտնել, այսինքն՝ նրանք հակակշռող են: Իսկ նոր Սահմանադրության մեջ այդ հակակշիռներից մեկը հանված է, այսինքն՝ ԱԺ-ն մեն մենակ է մնացել, և եթե ԱԺ-ն վատ է աշխատում ինքն իրեն չի կարող անվստահություն հայտնել: Ես առաջարկում եմ, որ Սահմանադրության մեջ դա մտնի և լուրջ ձևակերպվի»:
Ազատ Արշակյանը նաև նշեց, որ քաղաքացիներն իրենց առանձին ասում են, որ «ոչ» են քվեարկելու, սակայն տեսախցիկի մոտ ասում են՝ կտեսնենք:
Ի դեպ, նշենք, որ քաղաքացիները իրենց հյուրերին հյուրասիրեցին մրգով և բարձրաձայնեցին նաև մշակութային խնդիրները:



