Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի ԵԽԽՎ–ի քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից ընդունված հակահայ զեկույցը (Ռոբերտ Ուոլթերի հեղինակած) որևէ լեգիտիմություն չունենա՝ Հայաստանից պարտավորություններ կորզելու առումով: «Այս վեհաժողովում աշխատելուց առաջ մենք ստանձնել ենք որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ ԼՂ-ի մասով: Եթե մեզ ասեին, որ դուք անդամակցում եք ԵԽԽՎ-ին, որ Ղարաբաղը հանձնեք Ադրբեջանին, բնականաբար, չէինք մտնի ԵԽԽՎ, բայց հիմա կեսից, ըստ էության, մեզ ասում են, ոչ, մտել եք ԵԽԽՎ, պարտավոր եք Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
- Պարո՛ն Ռուստամյան, մամուլում շարունակվում է առկախված մնալ հարցը, թե ինչո՞ւ էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այցելել Հայաստան: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն էր Սերգեյ Լավրովի այցելության նպատակը:
- Լավրովի այցը բնական պետք է համարել: Մեր երկկողմ հարաբերություններն այնքան բարձր որակի են, որ նման այցելությունները կարող են ամենօրյա լինել, ուստի այդտեղ որևէ արտառոց բան չկա: Պարզապես կա ենթատեքստ, կա իրավիճակ, որն ինտենսիվ կերպով փոփոխության է ենթարկվում: Գիտեք, որ Մերձավոր Արևելքում Ռուսաստանը գլխավոր դերակատարություն է ստանձնել, իսկ Հայաստանն այն երկիրն է, որը տարբեր պետություններում ունի մեծ թվով հայրենակիցներ և մեզ համար այս ենթատեքստում չափազանց կարևոր է մեր համայնքների անվտանգությունը: Գոյություն ունի նաև Ղարաբաղի հետ կապված հարցերի ծավալ, որոնք, կարծում եմ, ևս քննարկվել են:
- Որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ՝ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Սերգեյ Լավրովը խիստ գնահատեց ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցի քննարկման հանգամանքը:
- Նախ ասեմ, որ բրիտանացի պատվիրակի կողմից ներկայացված զեկույցը խայտառակ փաստաթուղթ է: ԵԽԽՎ պատմության մեջ չի եղել նման դեպք, որ լիագումար նիստում քննարկման դրվի միակողմանի փաստաթուղթ՝ մեղադրանքներ մի կողմին, գովասանք՝ մյուսին: Բոլորը գիտեն, որ հակամարտության մեջ ինչ-որ առումով պարիտետ է պահվում, բայց մեկին չեն գովաբանում, մյուսին՝ վատաբանում: Այս առումով սա Միլի Մեջլիսի հայտարարություն է, ուղակի միջամտություն, անթաքույց միջամտություն Մինսկի խմբի գործընթացին: Գալիս ասում են, թե Մինսկի խումբը պետք է վերանայի իր մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, այն էլ՝ հօգուտ Ադրբեջանի, բա տենց ո՞նց կլինի: Սա վտանգավոր իրավիճակ է ստեղծում, որովհետև Ադրբեջանը փորձելու է այս փաստաթուղթն օգտագործել Մինսկի խմբի գործունեությանը միջամտելու հարցում: Այս առումով Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե իրենց համար անընդունելի է լինելու այս դրսից բերած փաստաթուղթը, խիստ կարևոր էր, որովհետև Լավրովը ոչ միայն ՌԴ արտաքին գործերի նախարարն է, այլև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության ներկայացուցիչ: Բացի դրանից, այդ փաստաթղթում մեղադրանք կա Ռուսաստանի նկատմամբ: Ասվում է, որ Ռուսաստանը չպետք է զենք վաճառի կողմերին: Այլ բան է, որ լիներ հայտարարություն, թե հակամարտության կողմերին պետք է զենք առհասարակ չվաճառվի և հաշվի առնվեր նաև այն, որ Թուրքիան ևս զենք է վաճառում Ադրբեջանին: Ադրբեջանը զինվում է տարբեր աղբյուրներից և արդար չէ կենտրոնանալ Ռուսաստանի վրա:
- Եթե զեկույցը դառնա բանաձև, ընդունվի ԵԽԽՎ-ի կողմից, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ, ինչպե՞ս կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից, երբ այն չի ունենալու իրավական որևէ ուժ:
- Այո, իրավական ուժ չունի, որովհետև ԵԽԽՎ-ն չունի միջազգային մանդատ՝ այս հարցով զբաղվելու համար: Բացի դրանից, ԵԽԽՎ-ն, որպես կառույց, չունի նաև ինստիտուցիոնալ որևէ մեխանիզմ՝ իր կողմից ընդունված զեկույցները, բանաձևերը իրականացնելու համար: Միակ ճանապարհն այն է, որ Ադրբեջանն այս զեկույցն օգտագործելու է քարոզչական նպատակներով, իսկ սա կարող է միակ բացասական հետևանքներ ունենալ: Եթե ԵԽԽՎ-ն ընդունի այս զեկույցը, ապա այս կառույցը դադարում է արբիտր լինելուց, լրջորեն հարվածելու է իր հեղինակությանը՝ կանգնելով հակամարտության կողմերից որևէ մեկի կողքին՝ դառնալով նրա հովանավորը, շահերի պաշտպանը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս փաստաթուղթը որևէ լեգիտիմություն չունենա՝ Հայաստանից պարտավորություններ կորզելու առումով և մենք չենք պատրաստվում ընդլայնել մեր պարտավորությունների շրջանակը այն պահից սկսած, երբ անդամակցել ենք ԵԽԽՎ-ին: Այս վեհաժողովում աշխատելուց առաջ մենք ստանձնել ենք որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ ԼՂ մասով: Եթե մեզ ասեին, որ դուք անդամակցում եք ԵԽԽՎ-ին, որ Ղարաբաղը հանձնեք Ադրբեջանին, բնականաբար, չէինք մտնի ԵԽԽՎ, բայց հիմա կեսից, ըստ էության, մեզ ասում են, ոչ, մտել եք ԵԽԽՎ, պարտավոր եք Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին:
- Սերգեյ Լավրովի այցից հետո ռուսական մամուլը սկսեց գրել այն մասին, որ չի բացառվում՝ ՌԴ ԱԳ նախարարը եկել էր համոզելու Ղարաբաղի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու մասին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ նման սցենարն իրականություն դառնա:
- Ո՛չ: Այս փուլում եղավ հինգ հիմնական հայտարարություն Մինսկի խմբի եռանախագահների կողմից և դրա մեջ մտնում են հակամարտության լուծման որոշակի էլեմենտներ: Չեմ կարծում, թե այդ շրջանակից հարցը դուրս կգա, որովհետև այն բավարար պլատֆորմ է: ՀՅԴ-ն վերապահումներ ունի այս հարցում, որովհետև մենք կարծում ենք, որ կարգավիճակի հարցը պետք է առաջնային լինի: ԵԽԽՎ բանաձևն, օրինակ, ոտնատակ է տվել այդ հինգ հայտարարությունների կոնտեքստով հարցի լուծման տարբերակը: Այստեղ գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչը մեզ համար անընդունելի է: Ուստի մենք հրաժարվել ենք մասնակցելու այս փաստաթղթի ընդունման, քվեարկության գործըթնացից: «Տարածքներ կարգավիճակի դիմաց» հասկացությունն աղավաղված է: Իրականում այս հասկացությունը նշանակում է՝ նախ կարգավիճակ, ապա տարածքներ: Իսկ իրենք տեղերը փոխել են: Ասում են տարածքներ տվեք, հետո կարգավիճակի մասին խոսենք: Ո՛չ, այսպես չպետք է լինի, սա անարդար լուծում է և միջազգային սկզբունքը, որով մշտապես լուծվում են հակամարտությունները, խախտվում է:



