Tert.am-ը գրում է.

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես նիստի ավարտին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստում հիմնական անդրադարձը եղել է սահմանադրական բարեփոխումների «այո»-ի շտաբի աշխատանքների ու քարոզչության ամփոփումը:

Ըստ Շարմազանովի՝ քննարկվել են նաև ներքաղաքական հարցեր, արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներ:

«Անդրադարձ է եղել նաև որոշ ստահոդ, ոչ հայաստանյան մամուլում հրապարակված հոդվածներին»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ խոսքը ռուսական «Կոմերսանտ» թերթի հրապարակման մասին է, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցելել էր Հայաստան՝ համոզելու Ղարաբաղի հինգ տարածքները հանձնել Ադրբեջանին:

ՀՀԿ խոսնակը նշեց,  որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը չի փոխվել. «Մեր կարծիքը հստակ է՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, ԼՂ ժողովուրդը ինքն է իր ճակատագրի դարբինը լինելու, խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա»:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Ղարաբաղի շուրջ որևէ նոր գործընթաց չկա: Նրա խոսքով՝ ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել