Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Tert.am–ի հետ  զրույցում անդրադառնում է հարցին, թե Հայաստանի հետ Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը ինչ է նախատեսում, անվտանգության ինչ երաշխիքներ է տրամադրում: Դավիթ Տոնոյանի խոսքով՝ միացյալ ՀՕՊ համակարգը նպաստելու է օդային տարածքի սպառնալիքների հակազդման միջոցների կատարելագործմանը։

-Պարո՛ն Տոնոյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ  կարգադրել է Հայաստանի հետ ստորագրել Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր: Որքանո՞վ է դրան պատրաստ հայկական կողմը, ի՞նչ ժամկետներում այն կարող է ստորագրվել:

- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին Համաձայնագիրը ստորագրելու համար հայկական կողմն արդեն իսկ ավարտել է ներպետական բոլոր ընթացակարգերը: Այն է` փաստաթուղթը ենթարկվել է ներգերատեսչական և ներպետական համաձայնեցման, նախագծի տեքստը համաձայնեցված  է ռուսաստանյան կողմի հետ և արդեն իսկ Հայաստանի կառավարության կողմից փաստաթղթի կնքմանը տրված է համաձայնություն, ինչի մասին պաշտոնապես տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, որ պատրաստ ենք ստորագրելու փաստաթուղթը:

-Հարցերի ի՞նչ շրջանակ է կանոնակարգելու հայ-ռուսական այս համաձայնագիրը և անվտանգության առումով արդյո՞ք այն ՀՀ–ին  ինչ-որ նոր երաշխիքներ կտրամադրի:

- Համաձայնագրի ստորագրումը  ստեղծելու է իրավական հիմք` Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի օդային տարածքում համատեղ մարտական հերթապահության կազմակերպման, մարտական կառավարման համակարգի, սպառազինությունն ու ռազմական տեխնիկայի կիրառման համար մշտապես պատրաստվածության մեջ պահելու, փոխգործակցության իրականացման, համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության, ագրեսիայի դեպքում և պատերազմի ժամանակ` մարտական առաջադրանքների կատարման համար: Ինչպես նաև կնպաստի օդային տարածքի օգտագործման անվտանգության բարձրացմանը և սպառնալիքների հակազդման միջոցների կատարելագործմանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել