Մերձավոր ու Միջին Արևելքի տարածքում առկա միջէթնիկ կոնֆլիկտայնության առավել աչքի ընկնող և պոտենցիալ թշնամանքի առարկայացման հսկայական կործանարար ներուժ ունեցող մարմնավորումը կարելի է համարել թյուրք-իրանական բազմաբնույթ ավանդական հարաբերությունների ողջ համակարգը: Բազմաթիվ փորձագետների կարծիքով թյուրքական և իրանական էթնիկ տարրերի ու պետական կազմավորումների միջև եղած բացասական լարման աստիճանն անշեղորեն աճում է և ոչ հեռավոր ապագայում, իր տարբեր հատվածներում, կարող է հանգեցնել նաև լայնածավալ զինված դիմակայության: Այս առումով առավել պայթյունավտանգ են համարվում Իրանի հյուսիս-արևմտյան թյուրքաբնակ շրջանները և թաջիկա-ուզբեկական էթնիկ համակեցության շրջանները՝ համապատասխանաբար Թաջիկստանի հարավ-արևմտյան գոտին և Ուզբեկստանի հարավ-արևելքը՝ Սամարղանդ և Բուխարա քաղաքներն իրենց շրջակայքով: Մշտական միջէթնիկ հակասությունների և բախումների գոտի է հանդիսանում նաև Ֆերգանայի հովիտը, որը գտնվում է Թաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի սահմանգլխին: Այս վերջին կոնֆլիկտածին օջախը, սակայն, հստակ թյուրքական և իրանական էթնիկ տարրերի դիմակայության վայր չէ՝ այս գոտու մասը կազմող ղրղզական Օշի մարզի ուզբեկ փոքրամասնությունը ոչ վաղ անցյալում դարձավ տեղի ղրղզական բնակչության սանձազերծած բռնությունների զոհը և, հիմնականում, ստիպված եղավ լքել այդ տարածքը: Այսինքն՝ տվյալ դեպքում տեղի ունեցավ ընդհանուր թյուրքական ծագում ունեցող երկու էթնոսների ներկայացուցիչների կատաղի բախում, որի արդյունքում նրանցից մեկը համարյա ամբողջովին դուրս մղվեց կոնֆլիկտի ընդգրկման տարածքից: Դրան հակառակ, վերջին տարիներին թաջիկա-ղրղզական լարվածության տարածք է դարձել Թաջիկստանի և Ղրղզստանի միջպետական սահմանի գոտին՝ Լեռնային Բադախշանին հարող շրջաններում, ուր հաճախակի են փոխհրաձգություններն ու զինված բախումները երկու երկրների սահմանապահների և բնակչության միջև: Ուշագրավն այն է, որ արդի պայմաններում թյուրք-իրանական միջէթնիկ բախումների հնարավոր հետևանքները գերազանցապես կունենան զուտ տեղային նշանակություն և գլոբալ զարգացումների վրա դրանց ազդեցությունը որոշիչ չի լինի: Ի դեպ, որոշակի հանգամանքներում, հատկապես Կենտրոնական Ասիայի որոշ տարածաշրջաններում թյուրքական և իրանական էթնիկ տարրերի լայնածավալ բախումները կարող են կանխարգելիչ նշանակություն ունենալ ծայրահեղ իսլամիստական ագրեսիվ խմբավորումների գործունեության դաշտը սահմանափակելու տեսանկյունից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/683341205134907
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել