Exclusive
Դերասան Նիկոլայ Եղիազարյանը պարբերաբար հայտնվում է ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Արդեն մի քանի անգամ հրապարակումներ են եղել այդ կապակցությամբ. նախ՝ նա վարորդական իրավունք չուներ, հետո՝ վթարի էր ենթարկվել, հիմա էլ հրապարակումներ են հայտնվել, որ նա հարբած է վարել մեքենան։

BlogNews-ն այս մասին խոսեց Նիկոլայի հետ։ Վերջինս նշեց, որ ունի վարորդական իրավունք, վթարի ժամանակ ոչ թե ինքն էր հարվածել այլ մեքենայի, այլ իր մեքենային են հարվածել, իսկ այս անգամ մամուլի հրապարակումներն ուռճացված են։ «Ընկերներով հրավիրված էինք խաշ ուտելու, և ալկոհոլ օգտագործել եմ, սակայն հարբած չեմ եղել։ Մեքենաս գիշերը տեղափոխել են տուգանային հրապարակ, իսկ առավոտյան այն արդեն ինձ մոտ է եղել։ Ես այնտեղ Գագիկ Շամշյանին չեմ տեսել, ոչ էլ Շամշյանն է տեսել ինձ, սակայն երեկոյան տեսա, որ նման բաներ են գրվել։ Կայքերից մեկն էլ գրել էր, թե ինձ ձերբակալել են։ Հիմա ես էլ կարող եմ դատական գործ բացել, որովհետև նման բան չի եղել։ Ինչո՞ւ պետք է ինձ ձերբակալեին։ Փառք Աստծո, ես որևէ մեկին վնաս չեմ տվել։ Իմ միակ սխալն այն է եղել, որ թեկուզև քիչ չափաբաժնով, սակայն ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա եմ վարել»,- նշեց դերասանը։

Անդրադառնալով այս թեմայով պարբերաբար քննարկումներին՝ Նիկոլայն ասաց, որ ինքը խնդիրներով վարորդ չէ, իսկ քննարկումների պատճառը միգուցե իր՝ ուշադրության կենտրոնում լինելն է։ «Ես վարորդ եմ, լավ, թե վատ, չեմ ուզում բնորոշել։ Ես բնույթով մի քիչ անփույթ, անհանգիստ մարդ եմ, սակայն ուրիշին վնաս չեմ տալիս։ Ես այն մարդկանցից չեմ, ովքեր կարող են խանգարել ուրիշի անդորրն ու հանգիստը»,- պարբերաբար ՃՈ ուշադրության կենտրոնում հայտնվելն այսպես մեկնաբանեց դերասանը։ Նա նաև նշեց, որ չի հասկանում՝ ինչո՞ւ է այդքան շեշտվում իր մեքենայի մակնիշը՝ Lexus, քանի որ ինքը դրան ընդհանրապես ուշադրություն չի դարձնում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



