«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մինչև այժմ մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց ներմուծած անձնական օգտագործման գույքի բնաիրային չափեր սահմանված չէին: Ս.թ. մայիսի 27-ի որոշմամբ ՀՀ վարչապետը հաստատել էր նշված օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի 48-րդ կետի պահանջով էլ ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության ս.թ. նոյեմբերի 12-ի նիստի հաստատմանն էր ներկայացրել համապատասխան որոշման նախագիծը:
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և 249-րդ հոդվածի 10-րդ մասով` գործադիրը որոշեց սահմանել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձի կողմից ներմուծվող անձնական գործածության օգտագործված իրերի և գույքի բնաիրային չափերը, այդ թվում` կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ. օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա, անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք` առանց քանակային սահմանափակման: ՀՀ կառավարության սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: