Ռոբ Գոնսալվես «Կերպարանափոխություն» |
Շատ վաղուց, երբ արտահայտվելով Իմաստունի խոսքերով, կյանքն այնպիսին էր, որ այն չկորցնելու համար անհրաժեշտություն կար խոսել առակներով, ապրում էր մի ճանաչված մարդ, ում անվանում էին Առակների Վարպետ: Նրան այդպես էին անվանում երևի թե այն պատճառով, որովհետև նրա ոչ մի օրը առանց մի նոր առակի չէր անցնում: Առակները գեղեցիկ էին, իսկ հասկանալ հնարավոր էր ամենատարբեր կերպ: Իսկ եթե հաշվի առնենք, որ ընդհանրապես յուրաքանչյուրը հասկանում է ելնելով իր աշխարհահայացքից... Վարպետն այնքան առակ ուներ, որ ինքն էլ արդեն բոլորը չէր հիշում, և այդ պատճառով էլ լավագույն առակները, անկախ նրանից, թե ում էին դրանք պատկանում, ժողովուրդը վերագրում էր նրան:
Ժամանակի ընթացքում Վարպետը աշակերտ ունեցավ, ով սկսեց գրի առնել առակները և Ուսուցչի կյանքում տեղի ունեցող իրադարձությունները: Նա հաղորդել է սերունդներին, որ երեկոները բազմաթիվ մարդիկ էին հավաքվում այդ տանիքի տակ, որպեսզի հերթական առակը լսեն: Եվ երբ ինչ-որ մեկը հարցնում էր, թե որտեղից են նրա մոտ հայտնվում այդ պատմությունները, նա պատասխանում էր, որ ոչինչ էլ չի հորինում, այլ ուղղակի գիշերը քնելուց ընկնում է մի զարմանահրաշ աշխարհ, որտեղ ամեն մարդ ունի իր մասին պատմելու բան, իսկ ինքը միայն հիշում է այդ պատմությունները:
Մի անգամ, մենակ մնալով Ուսուցչի հետ, աշակերտը հետաքրքրվեց.
— Վարպետ, երբեմն օրեր են լինում, որ առակ չեք ունենում պատմելու: Վերջերս այդ օրերը հաճախացել են: Ինչո՞ւ: Մի՞թե այդ օրերին Դուք չեք քնում:
Վարպետը ժպտաց, և պատասխանեց.
— Ոչ: Դա նշանակում է, որ այդ օրերին լսածս առակները չարժե հաղորդել:
— Դրանք այդքան վա՞տն են:
— Կամ մարդիկ դեռևս պատրաստ չեն այն ընկալել:
Մի ուրիշ անգամ աշակերտը հարցրեց.
— Դուք գիշերները գնում եք առակների աշխարհ: Հնարավոր չէ՞ խնդրել, որ այնտեղից ինձ երազներ գան:
Վարպետը պատասխանեց.
— Ես արդեն հարցրել եմ քո մասին: Ինձ ասվեց, որ դեպի այդ աշխարհ ամեն մարդ ունի իր արահետը: Շատերը այն չեն գտնում: Երևի այդպես է պետք:
Մի օր վարպետի մոտ եկավ մեկը, ով ուզում էր նրա հետ մրցել: Այդ ինքնահավան մարդը հայտարարեց, որ անմիջապես՝ չսպասելով գիշերվա, առակ կհորինի ցանկացած բանի մասին, և թող լսողները որոշեն, թե ում առակն է լավը:
Վարպետը քմծիծաղ տվեց.
— Դու ինքդ ասացիր, որ առակ ես հորինում:
Ինքնահավանը գլխով համաձայնեց, իսկ Վարպետը շարունակեց՝
— Ես առակ չեմ հորինում: Հետևաբար, քոնը՝ արհեստական է, իսկ իմը՝ բնական:
Հավաքվածները իրար նայեցին ու ժպտացին:
— Ինչո՞ւ ես համոզված, որ իմ առակները չեն կարող քոներից հմուտ լինել, — համառեց եկողը:
— Ես լսել եմ երկու նկարիչների մրցակցության մասին, — պատասխանեց նրան Վարպետը, — այնտեղ մեկին հաջողվել էր այնպիսի բնական հատապտուղներ նկարել, որ թռչունները կտցում էին: Սակայն ինչքան էլ լավ խաղող չնկարես, հնարավոր չէ նկարից զգալ նրա համը կամ նրանից գինի պատրաստել:
— Այստեղ ես քեզ հետ համաձայն եմ, — չէր հանգստանում մրցակիցը, — բայց գինին լցնում են պատրաստած կուժերի մեջ: Այդ կուժերի վրա նկարում են: Դրանք արհեստական են, սակայն կարող են չքնաղ լինել: Ականջը շոյող առակի նման այդ կուժերը կարող են շոյել աչքերը: Ինչո՞վ են դրանք վատը: Կուժի մեջ լցված գինին կարող է ավելի էժան լինել կուժից: Դու հիմա կասես՝ «Ուրեմն դա իսկական գինի չէ»: Բայց այստեղ նույնպես խոսքը գնում է գինեգործի և կավագործի մրցակցության մասին, ինչը ես քեզ առաջարկում եմ:
Լսողներին դուր եկան այս խոսքերը, և բոլորը սպասեցին Վարպետի պատասխանին:
— Իմ փոխանցած առակները մարդկանց հայտնի են և դուր են գալիս նրանց: Դու հայտնի չես ոչ ոքի և եկել ես ինձ մոտ միայն նրա համար, որ ճանաչում ստանաս: Ինձ երբեք նման բան պետք չի եղել: Ես ոչ ոքի հետ չեմ մրցել: Ի՞նչն է քեզ խանգարում հենց այնպես հորինել առակներ: Եթե ինքն իրենով դրանք լավը լինեն, ապա ինչի՞ համար է պետք մրցակցությունը: Իսկ եթե վատն են, ապա մրցակցությունն էլ դրան չի օգնի:
Լսողները հաստատելով աղմկեցին, իսկ Վարպետը շարունակեց.
— Դու եկել ես, որ քո մասին ասեն՝ «Ինչ խիզախն է: Նա մենամարտի դուրս եկավ հենց իր՝ Առակների Վարպետի հետ»: Համարիր, որ հասար քո նպատակին: Իսկ ինչ վերաբերում է առակներով մրցելուն, ապա թող առակներն իրենք էլ մրցեն: Ժամանակը ցույց կտա, թե որոնք կապրեն դարերով, իսկ որոնք ժամանակի մեջ կկորեն: Մնաս բարով:
Այս ասելով՝ Վարպետը շուռ եկավ նրան մեջքով: Սակայն հանդուգնը չհետևեց նրա կոչին և ասաց.
— Այն պատմության մեջ, որտեղ նկարիչը խաբեց թռչուններին, նրա մրցակիցը խաբեց նկարչին մի այնպիսի վարագույր նկարելով, որ նա խնդրեց բարձրացնել այն, որ տեսնի դրա հետևում դրված նկարը: Նրանք, ովքեր հիմա մեզ լսում են, չեն հասկանա, թե ինչի մասին եմ խոսում, բայց հո դու ինձ հասկանում ես: Ես տեսա, որ քո վարագույրը նկարած է: Ես չեմ թաքցնում, իմ հատապտուղները նույնպես նկարած են:
Այս խոսքերով եկողը շուռ եկավ ու գնաց: Բոլորը մոլորված իրար նայեցին, իսկ հետո Վարպետին, ով միայն ներողամտաբար ժպտաց, ինչով ի ցույց դրեց, որ պետք է կարեկցել տգետ խելահեղին: Եվ ներկաները լուռ համաձայնեցին նրա հետ:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից