«Առակների վարպետը». օրվա առակը


16:17 , 13 դեկտեմբեր, 2012
Ռոբ Գոնսալվես «Կերպարանափոխություն»

Շատ վաղուց, երբ արտահայտվելով Իմաստունի խոսքերով, կյանքն այնպիսին էր, որ այն չկորցնելու համար անհրաժեշտություն կար խոսել առակներով, ապրում էր մի ճանաչված մարդ, ում անվանում էին Առակների Վարպետ: Նրան այդպես էին անվանում երևի թե այն պատճառով, որովհետև նրա ոչ մի օրը առանց մի նոր առակի չէր անցնում: Առակները գեղեցիկ էին, իսկ հասկանալ հնարավոր էր ամենատարբեր կերպ: Իսկ եթե հաշվի առնենք, որ ընդհանրապես յուրաքանչյուրը հասկանում է ելնելով իր աշխարհահայացքից... Վարպետն այնքան առակ ուներ, որ ինքն էլ արդեն բոլորը չէր հիշում, և այդ պատճառով էլ լավագույն առակները, անկախ նրանից, թե ում էին դրանք պատկանում, ժողովուրդը վերագրում էր նրան:

Ժամանակի ընթացքում Վարպետը աշակերտ ունեցավ, ով սկսեց գրի առնել առակները և Ուսուցչի կյանքում տեղի ունեցող իրադարձությունները: Նա հաղորդել է սերունդներին, որ երեկոները բազմաթիվ մարդիկ էին հավաքվում այդ տանիքի տակ, որպեսզի հերթական առակը լսեն: Եվ երբ ինչ-որ մեկը հարցնում էր, թե որտեղից են նրա մոտ հայտնվում այդ պատմությունները, նա պատասխանում էր, որ ոչինչ էլ չի հորինում, այլ ուղղակի գիշերը քնելուց ընկնում է մի զարմանահրաշ աշխարհ, որտեղ ամեն մարդ ունի իր մասին պատմելու բան, իսկ ինքը միայն հիշում է այդ պատմությունները:

Մի անգամ, մենակ մնալով Ուսուցչի հետ, աշակերտը հետաքրքրվեց.

— Վարպետ, երբեմն օրեր են լինում, որ առակ չեք ունենում պատմելու: Վերջերս այդ օրերը հաճախացել են: Ինչո՞ւ: Մի՞թե այդ օրերին Դուք չեք քնում:

Վարպետը ժպտաց, և պատասխանեց.

— Ոչ: Դա նշանակում է, որ այդ օրերին լսածս առակները չարժե հաղորդել:

— Դրանք այդքան վա՞տն են:

— Կամ մարդիկ դեռևս պատրաստ չեն այն ընկալել:

Մի ուրիշ անգամ աշակերտը հարցրեց.

— Դուք գիշերները գնում եք առակների աշխարհ: Հնարավոր չէ՞ խնդրել, որ այնտեղից ինձ երազներ գան:

Վարպետը պատասխանեց.

— Ես արդեն հարցրել եմ քո մասին: Ինձ ասվեց, որ դեպի այդ աշխարհ ամեն մարդ ունի իր արահետը: Շատերը այն չեն գտնում: Երևի այդպես է պետք:

Մի օր վարպետի մոտ եկավ մեկը, ով ուզում էր նրա հետ մրցել: Այդ ինքնահավան մարդը հայտարարեց, որ անմիջապես՝ չսպասելով գիշերվա, առակ կհորինի ցանկացած բանի մասին, և թող լսողները որոշեն, թե ում առակն է լավը:

Վարպետը քմծիծաղ տվեց.

— Դու ինքդ ասացիր, որ առակ ես հորինում:

Ինքնահավանը գլխով համաձայնեց, իսկ Վարպետը շարունակեց՝

— Ես առակ չեմ հորինում: Հետևաբար, քոնը՝ արհեստական է, իսկ իմը՝ բնական:

Հավաքվածները իրար նայեցին ու ժպտացին:

— Ինչո՞ւ ես համոզված, որ իմ առակները չեն կարող քոներից հմուտ լինել, — համառեց եկողը:

— Ես լսել եմ երկու նկարիչների մրցակցության մասին, — պատասխանեց նրան Վարպետը, — այնտեղ մեկին հաջողվել էր այնպիսի բնական հատապտուղներ նկարել, որ թռչունները կտցում էին: Սակայն ինչքան էլ լավ խաղող չնկարես, հնարավոր չէ նկարից զգալ նրա համը կամ նրանից գինի պատրաստել:

— Այստեղ ես քեզ հետ համաձայն եմ, — չէր հանգստանում մրցակիցը, — բայց գինին լցնում են պատրաստած կուժերի մեջ: Այդ կուժերի վրա նկարում են: Դրանք արհեստական են, սակայն կարող են չքնաղ լինել: Ականջը շոյող առակի նման այդ կուժերը կարող են շոյել աչքերը: Ինչո՞վ են դրանք վատը: Կուժի մեջ լցված գինին կարող է ավելի էժան լինել կուժից: Դու հիմա կասես՝ «Ուրեմն դա իսկական գինի չէ»: Բայց այստեղ նույնպես խոսքը գնում է գինեգործի և կավագործի մրցակցության մասին, ինչը ես քեզ առաջարկում եմ:

Լսողներին դուր եկան այս խոսքերը, և բոլորը սպասեցին Վարպետի պատասխանին:

— Իմ փոխանցած առակները մարդկանց հայտնի են և դուր են գալիս նրանց: Դու հայտնի չես ոչ ոքի և եկել ես ինձ մոտ միայն նրա համար, որ ճանաչում ստանաս: Ինձ երբեք նման բան պետք չի եղել: Ես ոչ ոքի հետ չեմ մրցել: Ի՞նչն է քեզ խանգարում հենց այնպես հորինել առակներ: Եթե ինքն իրենով դրանք լավը լինեն, ապա ինչի՞ համար է պետք մրցակցությունը: Իսկ եթե վատն են, ապա մրցակցությունն էլ դրան չի օգնի:

Լսողները հաստատելով աղմկեցին, իսկ Վարպետը շարունակեց.

— Դու եկել ես, որ քո մասին ասեն՝ «Ինչ խիզախն է: Նա մենամարտի դուրս եկավ հենց իր՝ Առակների Վարպետի հետ»: Համարիր, որ հասար քո նպատակին: Իսկ ինչ վերաբերում է առակներով մրցելուն, ապա թող առակներն իրենք էլ մրցեն: Ժամանակը ցույց կտա, թե որոնք կապրեն դարերով, իսկ որոնք ժամանակի մեջ կկորեն: Մնաս բարով:

Այս ասելով՝ Վարպետը շուռ եկավ նրան մեջքով: Սակայն հանդուգնը չհետևեց նրա կոչին և ասաց.

— Այն պատմության մեջ, որտեղ նկարիչը խաբեց թռչուններին, նրա մրցակիցը խաբեց նկարչին մի այնպիսի վարագույր նկարելով, որ նա խնդրեց բարձրացնել այն, որ տեսնի դրա հետևում դրված նկարը: Նրանք, ովքեր հիմա մեզ լսում են, չեն հասկանա, թե ինչի մասին եմ խոսում, բայց հո դու ինձ հասկանում ես: Ես տեսա, որ քո վարագույրը նկարած է: Ես չեմ թաքցնում, իմ հատապտուղները նույնպես նկարած են:

Այս խոսքերով եկողը շուռ եկավ ու գնաց: Բոլորը մոլորված իրար նայեցին, իսկ հետո Վարպետին, ով միայն ներողամտաբար ժպտաց, ինչով ի ցույց դրեց, որ պետք է կարեկցել տգետ խելահեղին: Եվ ներկաները լուռ համաձայնեցին նրա հետ:

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից