Թեև բոլոր ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ հայտարարվում է, որ այս անգամ դրանք լինելու են ամենամաքուրն ու ամենաարդարը, արձանագրվող արդյունքները, որպես կանոն, խոսում են այլ բանի մասին։ Սակայն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստություններին ու ծավալվող քարոզչական արշավներին հետևելով՝ ակամայից լցվում եմ բարետեսությամբ։
Առանձնակի դուրս գալիս է այն հանգամանքը, որ իմ հիշողության մեջ աննախադեպ ազատություն ու հավասարություն է ընձեռված երկու կողմերին էլ՝ մեդիա ռեսուրսներից օգտվելու առումով։ Զարմանալի է, բայց փաստ, որ այս անգամ եթերային ժամանակ ընդդիմադիրները ստանում են բոլոր հիմնական հեռուստաընկերություններում, ընդ որում, չի կարել ասել, որ այդ էպիզոդներում նրանք ստատիկ դեր են խաղում ու հնարավորություն չեն ունենում իրենց դիրքորոշումն արտահայտել։
Ուշագրավ է նաև այն, որ համենայն դեպս քարոզարշավի այս փուլում դեռ չենք տեսել սև փիառի նշանակալի կիրառություն (չհաշված Զուրաբյանի արկածները Վենետիկի հանձնաժողովի կաշառման թեմաների շուրջ), և քիչ թե շատ նշանակալի բռնության կամ էլ բռի հակազդեցության մասին էլ որևէ լուրեր չկան։
Շատ կուզենայի, որ այս ոգին պահպանվեր, և նմուշի համար գոնե մեկ անգամ մեր քաղաքական ուժերը պահեին իրենց այնպես, ինչպես դա հարիր է քաղաքակիրթ երկրին՝ թույլ տալով, որ գոնե մեկ անգամ ժողովրդի համար իմաստավորված լինի քվեարկության գնալն ու այս կամ այն ընտրությունն անելը, ու այդ իմաստավորումը լինի ոչ թե ընտրակաշառքով արտահայտված կամ էլ ադմինիստրատիվ լծակներով, կամ էլ սիրում եմ-չեմ սիրում հայեցակարգով, այլ կշռադատված ու հիմնավորված դիրքորոշումով, որը ձևավորվել էր շաբաթներ շարունակ կողմերի փաստարկները լսելուց հետո։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/11/blog-post_12.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել