ՄԻԱԿ քարտուղար |
Երեկ հետևելով ԲՀԿ քաղաքական որոշումից հետո մամուլում և համացանցում տարաբնույթ նյութերին և գրառումներին՝ ակամայից հիշեցի հայտնի ֆիլմի հերոսներից մեկին, ով կիսահոռետեսական տոնով հայտարարում էր. «Всё, кина не будет: электричество кончилось»:
Այն, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը սպասվող նախագահական ընտրությունների ֆավորիտն է, ակնհայտորեն չպարզվեց երեկ` ԲՀԿ հայտարարությունից հետո: Միաժամանակ չեմ կիսում նրանց կարծիքը, ովքեր միահամուռ նշում են, թե այսպիսով ընտրությունների ինտրիգը կորավ, և դրա ելքը այլևս կանխորոշված է: Այս կերպ դատել նշանակում է առնվազն տեղյակ չլինել նախագահական ընտրությունների առանձնահատկություններին: Դրանցից ամենաընդգծվածը այն է, որ հասարակության տարբեր խմբերի սպասումները նախագահի թեկնածուներից որևէ պարագայում նույնը լինել չեն կարող: Գրեթե անհնարին է, որ բողոքական ընտրազանգվածի և կայունության և շարունակականության ակնկալիքներ ունեցող ընտրողները նախապատվություն տան միևնույն թեկնածուին: Վերջապես չպետք է անտեսել չկողմնորոշված ընտրազանգվածի ընտրական վարքագծի անկանխատեսելիությունը: Արդեն այս ոչ այնքան խորը վերլուծությունը ցույց է տալիս, որ սպասվող նախագահական ընտրությունները, այդուհանդերձ, կլինեն մրցակցային, և բոլոր նախադրյալները կան նաև փաստելու, որ դրանք կարող են լինել լավագույններից մեկը մեր նորանկախ պետության պատմության մեջ: