Tert.am-ը գրում է.
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանին, ով ԱԺ-ին ներկայացնում էր ԿԲ-ում աշխատակազմի փոփոխման վերաբերյալ նախագիծ, հարց ուղղեց՝ Հայաստանում պե՞տք է լինի քաղաքական պատասխանատվության ինստիտուտ:
Նաիրա Զոհրաբյանի հարցը օրինակի հետ էր, «Հիմա. Ձեր տեղակալներից մեկը ժամանակին տխրահռչակ բիոզուգարանների կնքահայրն էր... Պետական բյուջեից միջոցներ, որոնք կարող էին օգտագործվել լուրջ սոցիալական ծրագրերի համար, երբ մենք այսօր քննարկում ենք, որ պետությունը չունի այդ մի քանի միլիոն դրամը, որպեսզի կարողանանք չաշխատող մայրերին ևս տալ երեխայի խնամքի նպաստ, բայց մոտ կես միլիոն դոլար ծախսվեց բիոզուգարանների տեղադրելու և այնուհետ դրանք չօգտագործելու համար՝ ասելով, որ այն տեխնիկապես հնարավոր չէ օգտագործել։ Դրանից հետո նշյալ պաշտոնյան դարձավ Կենտրոնական բանկի փոխնախագահը»:
Ի պատասխան` Արթուր Ջավադյանը նկատեց, որ իր տեղակալը «բանիմաց, միջազգայնորեն ճանաչված տնտեսագետ է» և որ վստահ է, որ ինքը իր բոլոր գործողությունների համար կրում է պատասխանատվություն:
Նախկին ԲՀԿ-ական, «Այլանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուիխանյանին էլ զայրացրեց այն, որ իր կարծիքով՝ Կենտրոնական բանկի ղեկավարը խուսափեց պատասխանել իր ուղիղ հարցին՝ որքան է կազմում իր տեղակալի աշխատավարձը:
«Կենտրոնական բանկը Ձեր ՍՊԸ-ն չի, այն պետական կառույց է՝ կարևորագույն ռազմավարական և մարտավարական գործառույթն իրականացնող մարմին է, ոնց է իրականացնում, այլ հարց է»,-հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:
Արթուր Ջավադյանն այս անգամ էլ ասաց, որ իր տեղակալի աշխատավարձը կբարձրաձայնի իր տեղակալը, որը ելույթ է ունենալու ու ավելացրեց. «Ինձ զարմացնում է ՍՊԸ-ի հետ Ձեր համեմատությունը, լուրջ կառույց է Կենտրոնական բանկը, որ ապահովում է այս երկրում գների կայունությունը, այս պահին մենք ունենք նորմայի մեջ գնաճ, ունենք ֆինանսական կայուն իրավիճակ, ու Դուք էլ ունեք ավանդ հայկական բանկերում: Ես Ձեր ավանդները չեմ հրապարակում, բայց միանգամից ևս նշում եմ՝ մենք պետական բյուջեից չենք օգտվում»:



