Առավոտյան՝ ժամը 11-ին, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստն սկսել է կառավարության որոշմամբ օրակարգ ընդգրկված 13 օրենսդրական փաթեթի և 8 միջազգային պայմանագրի քննարկումը:
Առաջինը պատգամավորները քննության են առել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Այնուհետև 2-րդ ընթերցմամբ քննարկվում են «ՀՀ ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը:
Քննարկվելիք մյուս նախագծերից հատկապես կարևոր են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի փոփոխությունները, որոնց ընդունմամբ կշարունակվի ոլորտի բարեփոխման գործընթացը, ինչպես նաև «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը կտարածվի առավել մեծ թվով շահառուների վրա:
Միջազգային պայմանագրերի թվում վավերացման են ներկայացված 2012թ. ստորագրված «Հավաքական անվտանգության անդամ պետությունների կազմակերպության շրջանակում գաղտնի տեղեկատվության փոխադարձ ապահովման մասին» համաձայնագրի փոփոխությունների, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև այս տարի ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրի նախագծերը: