Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ նորմալ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չի տեսնում: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Մոսկվան աջակցում է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի նվիրմանը»մտքին, Դավիթ Բաբայանն ասաց, որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս երկու կարևորագույն գործոն:

«Առաջինն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները, չեն տեսնում խաղաղ կարգավորման այլընտրանք: Այսինքն, ցանկացած ուժային տարբերակ կամ այն կիրառելու սպառնալիք անընդունելի են համարում: Սա շատ կարևոր և ողջունելի է: Երկրորդն էլ այն է, որ նրանք Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը նույնպես չեն ընդունում, սա հատկապես կարևոր է, հաշվի առնելով, որ պաշտոնական Բաքուն անընդհատ շահարկում է այս գործոնը, միշտ փորձում է ինչ-որ այլընտրանքային ձևաչափեր գտնել: Բնականաբար, նման հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ոչ միայն անընդունելի է, այլ երևի թե համապատասխան քայլեր են ձեռնարկվելու՝ թույլ չտալու նման զարգացումները»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Դիտարկմանը, թե հակամարտության կարգավորման այլընտրանքային տարբերակների մասին վերջին շրջանում հաճախակի է խոսվում, հատկապես ինչի մասին է խոսքը, Դավիթ Բաբայանն արձագանքեց, թե դրանք ուղղակի շահարկումներ են:

«Բաքուն այդքան քաղաքական ու նույնիսկ բարոյական ռեսուրս չունի Մինսկի խմբի ձևաչափը փոխելու: Առավելագույնը, ինչ նա կարող է անել, ձևաչափը տապալելն է, բանակցություններին չմասնակցելը և այլն: Բայց սա հղի է անկանխատեսելի հետևանքներով: Դրա համար նրանք պարզապես շահարկում են այդ՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, թե այն գաղափարները, որ նրանք առաջ են քաշում, օրինակ՝ Թուրքիայի մասնակցությունը, Ադրբեջանի հետ սերտ կապեր ու տնտեսական շահեր ունեցող այլ պետությունների ներգրավվումը բանակցային գործընթացին, այս ամենը ցույց են տալիս, որ Բաքուն ուղղակի որևէ ռեալ հիմք չունի իրականացնելու:

Նշենք նաև, որ Երևանում Սերգեյ Լավրովը չէր շրջանցել նաև Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով կոմիտեի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում բռնության աճ» զեկույցի թեման՝ նշելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են այդ թեման տարբեր միջազգային հարթակներ դուրս հանելուն, որոնք չեն զբաղվում կարգավորմամբ: «Համենայնդեպս, ոչ ոք նրանց միջազգային հանրության կողմից նման բան չի հանձնարարել»,- ասել էր Սերգեյ Լավրովը:

Արձագանքելով դրան, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ասաց. «Սա ուղղված էր ԵԽԽՎ-ին և նրա փորձերին՝ գործընթացին ուղղակի կամ անուղղակի միջամտելու համար: Սա իրոք ճիշտ է, որովհետև ցանկացած կողմնակի միջամտում, մանավանդ՝ Ադրբեջանի կողմից հովանավորվող կառույցների միջոցով, ոչ թե խանգարում են գործընթացին, այլ պարզապես տհաճություն են առաջացնում, որը կարող է իր  ազդեցությունն ունենալ կողմերի պատրաստակամության վրա՝ շարունակելու բանակցային գործընթացը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել