Tert.am-ը գրում է.
Չէի ասի, թե Մինսկի խմբում քաղաքականություն է փոխվել, ավելի ճիշտ կլիներ մտածել, թե Մինսկի խումբը գտնվում է լուծումներ առաջադրելու տեսակետից գաղափարական ճգնաժամի մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցությունների միջոցով խնդրի արդարացի և տևական կարգավորմանը հասնելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությունն է Հայաստանում և Ադրբեջանում:
«Ըստ էության, Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում նոր մոտեցումներ մշակել, որոնք կնպաստեն բանակցային գործընթացի հետագա զարգացումներին: Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանը շարունակում է մերժել հնարավոր բոլոր առաջարկները»,– ասաց նա։
Ըստ քաղաքագետի՝ մեկ այլ իրավիճակում Մինսկի խումբը պետք է վերանայեր իր մոտեցումները ՝ հատկապես հրաժարվելով երկու կողմերին հավասար ուղղված քննադատությունից, սակայն նման բան տեղի չի ունենում:
«Այսինքն՝ տվյալ դեպքում պետք է փաստել, որ Մինսկի խմբի համանախագահները չափից ավելի կոնսերվատիվ են իրենց մոտեցումների մեջ և չեն փորձում նոր առաջարկներով հանդես գալ»,- ընդգծեց նա և նկատեց, որ թեև Մինսկի խմբի համանախագահների կողմից հասցեական հայտարարություն հնչել է, սակայն դա բացառություն էր, և ոչ թե Մինսկի խմբի քաղաքականության փոփոխություն:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու ջանքերին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ թեև դա օրակարգային հարց է, սակայն կանխատեսելի ապագայում հնարավոր չի համարում այդ հանդիպման կազմակերպումը, քանի որ վերջին ամիսների ընթացքում որևէ բան չի փոխվել, հետևաբար հանդիպումը որպես այդպիսին աննպատակ է:
«Ես կարծում եմ, որ առավել իրատեսականը ստեղծված իրավիճակին համակերպվելն է և ստեղծված իրավիճակից հայկական կողմի քաղաքականությունը բխեցնելը, ինչը ենթադրում է եղած դիրքերի ամրապնդում, անվտանգության մեխանիզմների կատարելագործում՝ թե քաղաքական, թե ռազմական տեսակետից»,- ասաց նա:
Քաղաքագետը բացատրեց, թե ինչու իրատեսական չի համարում մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ըստ նրա՝ դա պայմանավորված է այն փաստով, որ ամռան վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով չհաջողվեց համաձայնեցել հանդիպման անցկացումը, իսկ մինչ օրս իրավիճակ չի փոխվել, եթե չասենք, որ ավելի է վատացել, և կարելի է ենթադրել, որ հանդիպումն անցկացնելու համար նոր նախադրյալներ չկան:
Հարցին, թե դա արդյո՞ք ցույց չի տալիս Մինսկի խմբի ոչ արդյունավետ հանդիպումը, որ նույնիսկ մի հանդիպում չեն կարողանում կազմակերպել, քաղաքագետն ասաց.«Ո՛չ, դա ցույց է տալիս միայն այն, որ Ադրբեջանի իշխանությունները խուսափում են բանակցային գործընթացից»:



