Վերջերս, համարյա միաժամանակ, երկու ուշագրավ միջպետական հավաք տեղի ունեցավ՝ համապատասխանաբար Մոսկվայում և Սամարղանդում: Մոսկվայում խորհրդակցելու էին հավաքվել ԱՊՀ անդամ երկրների ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարները, որոնց հետ հանդիպում ունեցավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ուզբեկական Սամարղանդն էլ դարձավ Կենտրոնական Ասիայի հինգ հետխորհրդային հանրապետությունների արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ժամադրավայր ու այդ` 1+5 ձևաչափով նաև ապագայում կազմակերպվելիք մշտական խորհրդակցությունների առաջին հարթակը: Առերևույթ այս երկու համաժողովները նվիրված են եղել մոտավորապես նույն կարգի խնդիրների լուծման ուղիների ընտրությանն ու, հատկապես, հանուն տարածաշրջանային անվտանգության ապահովման, շահագրգիռ պետությունների ջանքերի համադրման հիմնահարցին: Տարբերությունն այն էր, որ մոսկովյան հանդիպմանը քննարկվել է նաև Հարավային Կովկասի ուղղության վրա առկա մարտահրավերների խնդիրը, իսկ Սամարղանդում վեց երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուները հիմնականում սևեռված են եղել Կենտրոնական Ասիային հարակից Աֆղանստանի ու Պակիստանի տարածքից սպառնացող վտանգները չեզոքացնելու հետ կապված հարցերի քննարկման վրա: Թերևս բավականին խորհրդանշական էր նաև այն, որ վեցյակի հանդիպման վայր էր ընտրվել հենց ուզբեկական Սամարղանդը: Բանն այն է, որ Ուզբեկստանը միակն է, որ ընդհանուր սահման ունի հանդիպմանը մասնակցած բոլոր մնացած կենտրոնասիական պետությունների հետ և բոլորի հետ էլ ունի նաև որոշակի տարածքային խնդիրներ, իսկ ուզբեկական Սամարղանդն էլ, լինելով այդ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը, հանդիսանում է թաջիկական էթնիկ, քաղաքական և պատմամշակութային ներկայության ավանդական կենտրոն, համարվում է նաև անջատողականության պոտենցիալ խոշոր օջախ: Չխորանալով այդ հանդիպումների այլ մանրամասների մեջ՝ միայն կնշեմ, որ ՌԴ իշխանություններն իրենց մայրաքաղաք էին հրավիրել ուժայիններին, իսկ ԱՄՆ պետքարտուղարն ինքն էր գնացել ամերիկյան կողմին հետաքրքրող տարածաշրջան, ուր հանդիպել էր տեղի՝ բացառապես քաղաքական գործիքներ կիրառող գերատեսչությունների ղեկավարներին: Թերևս, կարելի է ենթադրել, որ առաջիկայում ռուսական կողմը հիմնական շեշտը դնելու է հենց ուժային կառույցների գործունեությունն ակտիվացնելու վրա, մինչդեռ ԱՄՆ իշխանություններն առայժմ նախապատվությունը կտան քաղաքական մակարդակում իրականացվելիք նախաձեռնություններին: Ու այժմ դժվար է միանշանակորեն ասել, թե այդ մոտեցումներից որ մեկն ավելի արդյունավետ կամ վտանգավոր կլինի Կենտրոնական Ասիայի համար: Նաև մեզ համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/682451448557216
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել