Աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկում՝ Մյանմայում, որն ավելի ծանոթ է մեզ իբրև Բիրմա, ի վերջո կայացան խորհրդարանական ընտրություններ: Դատելով միջազգային լրահոսից՝ դրանք անցան ազատ ու արդար կերպով, իշխանությունից հեռացնելով տասնամյակներ իշխող ռազմական բռնակալներին: Պատճառներից մեկն էր հին ու պարզ ընտրական հնարքը. յուրաքանչյուր քվեարկողի ճկույթը թանաքոտվում էր հատուկ ներկով, որը պահպանվում է մեկ-երկու օր: Մեռած հոգիների կեղծ քվեաթերթիկների լցոնումները Բիրմայի անխելք իշխանավորներն օգտագործել չֆայմեցին: Այսպես, տասնամյակների արյունոտ ստրկությունից ազատվելու համար բավական եղավ մեկ օրով թանաքոտել ճկույթը, և դրան համաձայնվեցին բոլորը՝ բուդդիստներն ու մահմեդականները, տղամարդիկ ու կանայք: Սակայն, ըստ Գալուստ Սահակյանի, ավանդապաշտ ու խիստ բարոյական հայ ժողովուրդը չի կարող թույլ տալ, որ հայ կնոջ մատին դիպչի ինչ-որ դիտորդ ու առավել ևս թանաքոտի մեր զտարյուն ադաթապաշտ ճկույթն անհասկանալի ներկով: Լավ է՝ այսպես էլ արյան ու կաշառակերության մեջ թաթախված մնանք էլի մի երկու տասնամյակ:
Սրանց ճկույթով չենք հաղթի, միայն միջամատը կարող է օգնել...
P.S. Իմիջիայլոց, տասնամյակներ շարունակ ընդդիմությունն այդ երկրում միայնակ գլխավորում էր անկոտրուն ու փխրուն մի կին՝ Օնգ Սու Քյուն, որն էլ ամենայն հավանականությամբ շուտով կընտրվի Մյանմայի նախագահ: Այնպես որ, մենք մի Մյանմա էլ չարժենք, իսկ մեր ողջ «տղամարդկային» քաղաքական դասը չարժի Օնգ Սու Քյուի ճկույթին անգամ: Էլ չեմ ասում նրա միջնամատի մասին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/1074150672618486
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել