Օրեր առաջ «Ոչ»-ի ճակատը ներկայացնող ուժերը սկսել են սահմանադրական հանրաքվեի իրենց ակտիվ քարոզարշավը: Որպես այդպիսին, «Ոչ»-ի դաշտը համախմբված չէ մեկ ուժի շուրջ, այլ գործում են տարբեր քաղաքական միավորներ և կազմակերպություններ` իրենց դիրքերին և շահերին համապատասխան: Նշված ուժերից համեմատաբար որոշակի քաղաքական կշիռ ունեն «Նոր Հայաստան» փրկության ճակատը և ՀԱԿ-ի գլխավորությամբ ստեղծված «Ոչ»-ի ճակատը:
Կարող ենք փաստել նաև, որ «Ոչ»-ի խմբավորումներն այս ընթացքում ակտիվ նախապատրաստական և կազմակերպչական փուլի մեջ են մտնում, քանի որ հանրաքվեին մնացել է ընդամենը մեկ ամսից էլ քիչ ժամանակ, իսկ առջևում նրանց նոյեմբերի 20-ի հանրահավաքն է:
Խոսակցություններ են շրջանառվում նաև, որ նոյեմբերի 20-ի հանրահավաքին հնարավոր է մասնակցեն վերջին շրջանում ՀՀ քաղաքական տեսադաշտից անհետացած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելին՝ Լևոն Զուրաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չի բացառել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի նոյեմբերի 20-ի ակցիային:
Կասկած չկա, որ քաղաքականության մեջ հեղինակավոր անձանց բացակայությունն ուղղակի ազդեցություն է ունենում «Ոչ»-ի հանրահավաքի հեղինակության վրա՝ հաշվի առնելով, որ Ր. Հովհաննիսյանը և Լ. Տեր-Պետրոսյանն իրենց ներկայությամբ կարող են նոր լիցք հաղորդել շարժմանը: Սակայն խնդիրը պետք է դիտարկել այլ տեսանկյունից. ինչքանո՞վ են «Ոչ»-ի շարժման խմբավորումների մեջ ընդգրկված ներկայացուցիչների մասնակցությունը և հավասար հարթակում ելույթներ ունենալը համապատասխանում ՀՀ առաջին նախագահի քաղաքական իմիջին:
Եթե ամիսներ առաջ կար երեք քաղաքական ուժերի կողմից ստեղծված Եռյակ, որի լիդերները հավասար հարթակում էին հանդես գալիս, իսկ «Հիմնադիր խորհրդարանը», Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը» և մյուս ուժերը համարվում էին դաշտում գործող մարգինալ ուժեր, ապա այսօր մարգինալներից շատերը սկսել են եղանակ ստեղծել «Ոչ»-ի դաշտում:
Հիշեցնենք նաև, որ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը, պատկերավոր ասած, ծաղրեց այն մարգինալ ուժերին, որոնց մի մասն ընդգրկված է «Ոչ»-ի ճակատում և մասնակցելու է նոյեմբերի 20-ի հանրահավաքին: Այս դեպքում, եթե պատկառելի տարիք ունեցող Տեր-Պետրոսյանը ներկա գտնվի նոյեմբերի 20-ի ակցիային, ապա կստացվի, որ առաջին նախագահը մարգինալների հետ կկանգնի նույն հարթակում: Փաստորեն, ՀՀ առաջին նախագահը դեպքերի բերումով վերածվելու է մարգինալի: Սակայն պետք չէ շտապել, քանի որ հնարավոր է ՀԱԿ առաջնորդն այդպես էլ չմասնակցի հանրահավաքին և այնտեղ գործուղի ՀԱԿ-ի ներկայացուցիչներին՝ գլխավոր համհարզ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ: Բացառված չէ նաև, որ ՀԱԿ-ը՝ իր ղեկավարով հանդերձ, բոլորովին առանձին նախաձեռնությամբ հանդես գա: