Tert.am-ը գրում է.
Ըստ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության նախկին անդամ Էլինար Վարդանյանի՝ հայ հասարակության շրջանում չափազանց ցածր է պատկերացումը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության, առավել ևս իրականացվող ծրագրերի մասին։
Այսօր Երևանում կազմակերպված «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. Նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով քննարկմանը պատգամավորը նշեց, որ Հայաստանը պետք է կարևորի ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական համագործակցության ձևաչափը։
«ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը 1995թ-ին է սկսել իր գործունեությունը ու տասնյակ միջոցառումներ է իրականացնում տարեկան։ ՀՀ-ն հանդիսանում է Վեհաժողովի ասոցացված անդամ 2002թ-ից և սա բավական երկար ժամանակահատված է գործընկերային հարաբերություններ խորացնելու համար»,- ասաց նա։
Էլինար Վարդանյանն ընդգծեց, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը կարևոր է երկու կողմերի համար. Հայաստանը վստահելի գործընկեր է, բայց արդյունքները պետք է փոխադարձ տեսանելի լինեն երկու կողմերի համար։
«ՆԱՏՕ-ի առանձին ծրագրերից ԱԺ-ն դուրս է մնում, օրինակ ՆԱՏՕ-ի շաբաթից, որոշ պատգամավորներ անձնական կապերի շնորհիվ միայն մասնակցեցին։ Իսկ թե ինչպիսին կլինի համագործակցությունը սահմանադրական փոփոխություններից հետո, ժամանակը ցույց կտա»,-ասաց նա։



